Արցախում տիրող ճգնաժամն, ամենօրյա ռեժիմով, ավելի կատաստրոֆիկ բնույթ է ստանում, իսկ մարդկանց գոյատևելու հարցը՝ շարունակում մնալ օդից կախված։ Ամենօրյա ռեժիմով խորացող դժոխքն է՛լ ավելի է ծանրացնում
մարդկանց հոգեբանական ընկճախտը։ Հենց դրանով էին պայմանավորված Արցախի իշխանությունների
կողմից հումանիտար բեռների՝ Արցախ մուտք գործելու ինտենսիվ բանակցությունները, որոնք
շարունակվում են վերջին 3-4 օրերի ընթացքում։ Նշենք, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը
վերջին օրերի ընթացքում բանակցում է ռուս խաղաղապահների հրամանատարության հետ՝ դեպի
Արցախ բեռների մուտքի ապահովման գործընթացը կարգավորելու նպատակով։
Ադրբեջանական
կողմը պնդում էր, որ հումանիտար բեռը Ստեփանակերտ կմտնի Ակնայից, այլ ոչ թե Լաչինից: Ի հակակշիռ այդ պնդման՝
ռուսական կողմն իր հերթին առաջարկում էր, որ եթե ադրբեջանցիներն այդքան շատ են ուզում
Ակնայից բեռի մուտքը, ապա հենց ռուսական հումանիտար բեռնատարը մտնի Ստեփանակերտ։
Այսօր առավոտյան հայտնի
դարձավ, որ Ակնա-Ստեփանակերտ հատվածից ռուսական հումանիտար բեռնատարը մուտք է գործել
Ստեփանակերտ, այն պայմանով, որ առաջիկա օրերին, որոշ տեղեկությունների համաձայն՝
12 ժամվա կտրվածքով բացվելու է Լաչինի միջանցքը, և մարդասիրական բեռները մուտք են գործելու
Արցախ։
Կարևոր է փաստել, որ սա
նախնական պայմանավորվածություն է, այս մասին Արցախի ղեկավարությանը վստահեցրել է ռուսական
կողմը, իսկ իրադարձությունների հետագա ընթացքը պարզ կդառնա միայն առաջիկա օրերի, գուցե՝
ժամերի ընթացքում։ Այսուհանդերձ, ոչ ոք չի կարող երաշխավորել, թե Ադրբեջանը
չի խախտի իր պայմանավորվածությունը, սակայն ներկայումս սա ընդամենը Արցախում գոյություն
ունեցող ողբերգական իրավիճակը լուծելու փորձ է։
Թերևս հեշտ է ասել, թե տեղի ուենցածը «դավաճանություն
է» կամ այլ նմանօրինակ անբովանդակ տեքստեր գրել, բայց , ըստ էության, ամեն ինչ պետք
է նայել սառը, և բացառապես իրատեսական աչքերով կամ, ինչպես սիրում են ասել ժամանակից
տերմինով՝ real politik-ի տեսանկյունից։ Կա իրավիճակ, որը շարունակում է խորանալ ամենժամյա
ռեժիմով, կան սոված երեխաներ ու կանայք, որոնք սովորական «ցամաք հացի» կարոտ են, և
կա Երևանում հոխորտացողների բանակ, որը, քննադատելով տեղի ուենցող գործընթացը և թիրախ
դարձնելով Արցախի նորընտիր ղեկավարությանը, ջուր է լցնում փաշինյանական ջրաղացին։
Ավելին, բեռնատարի՝ Ստեփանակերտ մտնելուն զուգահեռ, Արցախի «սորոսական» թևը միանգամից հերթական հակառուսական վայնասունը բարձրացրեց՝ պնդելով, թե բեռնատարի մեջ վերմակներ են, ինչի կարիքը արցախցին ընդհանրապես չունի։ Նախ, ես տեղյակ չեմ, թե իրականում ինչ է այդ բեռնատարում, սակայն այստեղ պետք է իրերը կոչենք իրենց անուններով։ Փաստացի, մեքենան արդեն Ստեփանակերտում է և սա ավելի շատ սիմվոլիկ է, քանի որ ռուսների պնդումը, թե ռուսական բեռնատարը պետք է մտնի, ինչից հետո անմիջապես պետք է բացվի Լաչինը, այս ամբողջ օպերացիայի բուն իմաստն է, իսկ այդ թեման շահարկողները կա՛մ չեն հասկանում, կա՛մ ուղղակի փորձում են այդպիսի տպավորություն ստեղծել, իսկ շարքային քաղաքացին հերթական անգամ մոլորության մեջ ընկնի և չընկալի, թե իրականում ինչ է տեղի ունեցել։
Հատկանշականն այն է, որ «վերմակային վայանսունին» միանգամից
արձագանքեցին և սկսեց նույն թելը թելել հայաստանյան տիրույթում նիկոլական
դուդուկի տակ պարող հատվածը, ովքեր ինքնամոռաց պաթոսվում են սոցցանցերում և, առիթն օգտագործելով,
հերթական անգամ թիրախ դարձնում «նախկիններին»։
Արմեն Հովասափյան









