Տարածված տեսանյութերից հետեւում է, որ հակառակորդը հարձակողական զենքեր է կուտակում սահմանին։
«Ես մասնագիտական առումով չասեմ, այնտեղ պարզ երևում է, և հրետանային միջոցներ են, կարծես թե, մի շարք ռազմական տեխնիկա է»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ հորդորելով սահմանային իրավիճակի վերաբերյալ հետևել պաշտոնական տեղեկատվությանը։
Նրա խոսքով՝ որ որոշակի սրացումների կամ, ընդհուպ, փոքր հրաձգային զենքից կրակի դեպքում ՊՆ-ն անմիջապես տեղեկատվություն տրամադրում է։
Պաշտպանության փոխնախարարը վստահեցրել է, որ ՊՆ-ն իր իրավասության շրջանակներում, բնականաբար, քայլեր ձեռնարկում է տարածաշրջանում իրավիճակը չապակայունացնելու և ընդհանուր իրավիճակի վրա որևէ կերպ բացասական ազդեցություն չունենալու իմաստով:
«Մեր տարածաշրջանն այնպիսին է, որ էսկալացիայի ռիսկը առկա է, սակայն մենք, որպես պետություն պետք է ձեռնարկենք քայլեր, որպեսզի բանը էսկալացիային, առհասարակ, ռազմական մեծ գործողություններին չհասնի»,- ասել է նա:









