Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 3 ընդդիմադիր խմբակցությունները՝ ԱԺԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Արդարությունը», Արցախի նախագահի պաշտոնի համար առաջադրել են Սամվել Շահրամանյանի թեկնածությունը։ «Փաստինֆո»-ին այս մասին հայտնել է «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ նշելով, որ դիմումներն արդեն ներկայացվել են ԱԺ-ին։
Առայժմ հայտնի չէ մյուս երկու խմբակցությունների՝ «Միասնական Հայրենիք»-ի եւ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունների պաշտոնական դիրքորոշումը, որոնք ունեն ամենամեծ թվով խմբակցությունները եւ առանց նրանց քվեարկության Արցախի նախագահի ընտրությունը չի կարող կայանալ։ Ճիշտ է, մամուլում տեղեկություններ կան, որ Սամվել Բաբայանն է որոշակի ակտիվություն ցուցաբերում ու Արցախում իշխանություն վերցնելու հավակնություններ ունի, սակայն փաստենք, որ օրինական կարգով նա չի կարող առաջադրվել Արցախի նախագահի թեկնածու։ Բանն այն է, որ Արցախի հանրապետության Սահմանադրությունը հստակ ամրագրում է, որ հանրապետության նախագահ կարող է ընտրվել 35 տարին լրացած, վերջին տասը տարում միայն Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին տասը տարում Արցախի Հանրապետություն մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք: Մինչդեռ Սամվել Բաբայանը վերջին 10 տարում Արցախում մշտապես չի բնակվել։









