Սոչիում կայացած Պուտին-Էրդողան հանդիպման ֆոնին Հարավկովկասյան տարածաշրջանում կրքերը հերթական անգամ սրվեցին, ու որոշակի էսկալացիոն գործընթացներ են նկատվում։ Մասնավորապես, չի բացառվում այն սցենարը, որ ռուս-թուրքական բանակցություններում, որտեղ միանշանակորեն քննարկվել են ՀՀ և Արցախի հետ կապված մի շարք նրբերանգներ պարունակող հանգամանքներ, փորձ արվի մեկուսացնել Ալիևին։
Ինչո՞ւ:
Նիկոլ Փաշինյանը, ինչքան էլ հնարավոր բոլոր առիթներով հայտարարում է, թե «հայ-ռուսական հարաբերությունները երբեք չեն եղել նման մակարդակի», պարզ է, որ կոնկրետ Արցախի հարցում առաջ է տանում արևմտյան բլոկի առաջ քաշած թեզերն ու առաջնորդվում բացառապես նրանց օրակարգով։ Չնայած՝ մի քանի անգամ ռուսական տիրույթում եղել են թեմայի վերաբերյալ քննարկումներ, առաջ քաշվել տարբերակներ, սակայն, Փաշինյանը դրանց լղոզված ու կրավորական մոտեցում է ցուցաբերել։ Հիմա, երբ էլ ավելի են հստակեցվում բաժանարարները, երբ Ալիևը 9 ամիս շրջափակման մեջ է պահում Արցախը՝ իրականացնելով ցեղասպանություն, Նիկոլն աստիճանաբար ավելի է ուժեղացնում հակառուսական քարոզն ու Արցախում տեղի ուենցած յուրաքանչյուր ձախողման համար մեղադրում է ռուսներին։ Դա է պատճառը, որ վերջին օրերին մի շարք «ապտակներ» եկան ռուսական կողմից: Այնտեղի և՛ դիվանագիտական, և՛ քաղաքական շրջանակներից հնչում են հստակ գնահատականներ, որոնք ցույց են տալիս տեղի ուենցողի իրական մեղավորին՝ Փաշինյանին։
Էրդողանը, լինելով փորձված քաղաքական գործիչ, միանշանակ հասկանում է, որ ՌԴ-ն, չնայած ուկրաինական ճակատում առկա բավական բարդ ու ճահճային իրավիճակին, ամեն ինչ անելու է Արցախի հատվածում սեփական դիրքերի պահպանման համար։ Ռուսները հեշտությամբ չեն լքելու Արցախը և սկուտեղի վրա այն հանձնեն ադրբեջանական կողմին, ինչքան էլ դրան նպաստի Փաշինյանը՝ անընդհատ խոսելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման, Ստեփանակերտ-Բաքու ուղիղ երկխոսության մասին։ Այս ամենը հաշվի առնելով՝ Էրդողանն ամեն ինչ անելու է թեմայի մեջ մնալու և ճիշտ դիրքավորվելու համար: Այնպես որ՝ չի կարելի բացառել, որ ինչքան էլ Էրդողանը փորձի սատարել Ալիևին, սեփական քաղաքական շահերն ու պետական ամբիցիաները վկայում են լրիվ այլ պատկերի մասին, որտեղ Ալիևը դժվարությամբ է տեղավորվում։
Ակնհայտ է նաև, որ
սա գիտակցում է հենց Ալիևը, որ շատ հնարավոր է՝ մնա խաղից դուրս, և փորձում է որոշակի
ռազմական էսկալացիա գեներացնել արդեն ՀՀ սահմանին: Ըստ այդմ, այս օրերին տեղի ունեցող
գործընթացները պետք է դիտարկել նաև այս տեսանկյունից։
Արմեն Հովասափյան









