Ադրբեջանի այս նոր հարձակումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա ուղիղ վնաս է հասցնում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Եվրոպայի միջնորդական ջանքերին: X-ի (նախկին` Twitter) իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
Նա շեշտել է, որ այս պահին էլ ադրբեջանական հարձակումը դեռ շարունակվում է։
«Դա ուղղակի վնաս է հասցնում խաղաղ բանակցությունների շարունակվող գործընթացին և ներկա դրությամբ Ադրբեջանի ստանձնած բոլոր պարտավորությունների խախտում է»,– գրել է Մարուքյանը։
Հատուկ հանձնարարություններով դեսպանն ընդգծել է, որ ագրեսիան պետք է անհապաղ դադարեցվի։ Նա նաև հավելել է, որ ագրեսորը պետք է պատասխանատվության ենթարկվի հրադադարի խախտումների և բոլոր հետևանքների համար:
Հիշեցնենք` ադրբեջանական ԶՈւ–ն սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Սոթք և Նորաբակ համայքների հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր:









