Foto

Աղդամի ճանապարհը չի կարող այլընտրանք լինել Բերձորի միջանցքին. ՄԱԿ-ի ԱԽ

Երեկ՝ Նյու Յորքում, Երևանի ժամանակով ժամը 23։00-ին տեղի ունեցավ Հայաստանի պահանջով հրավիրված ՄԱԿ-ի ԱԽ արտահերթ նիստը՝ քննարկելու Ադրբեջանի կողմից, Բերձորի միջանցքի արգելափակման հետևանքով, վերջին 8 ամիսների ընթացքում, Արցախում ստեղծված ծայրահեղ հակամարդասիրական իրավիճակը։

Նիստին ներկա են եղել ոչ միայն խորհրդի անդամները, նաեւ՝ Հայաստանի, Ադրբեջանի, ԵՄ-ի, Թուրքիայի ներկայացուցիչները։ Ընդ որում՝ Թուրքիան ՄԱԿ ԱԽ նիստ էր ուղեւորվել՝ պաշտպանելու Ադրբեջանի շահերը։
Ամփոփելով նշենք, որ

ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչ Նատալի Բրոդհերսթն դատապարտել է դեպի Արցախ ուղևորվող հումանիտար օգնության արգելափակումն Ադրբեջանի կողմից։ Նա իր մտահոգությունն է հայտնել Արցախում առկա իրավիճակի վերաբերյալ՝ հայտարարելով, որ Ադրբեջանը շարունակում է արցախահայերին կտրել արտաքին աշխարհից, ինչը, նրա գնահատմամբ, հակասում է մարդասիրական միջազգային իրավունքի բոլոր սկզբունքները։

Նա կոչ է արել բանակցություններում հաշվի առնել ԼՂ բնակչության իրավունքները։ Անհրաժեշտ է համարել տեղում միջազգային կազմակերպությունների կողմից համապատասխան աշխատանքի իրականացումը։

ՄԱԿ-ում ֆրանսիայի ներկայացոցւիչը նաև հիշեցրել է Միջազգային դատարանների որոշումների մասին, որոնք մինչև օրս անտեսվում են ադրբեջանական իշխանությունների կողմից՝ կոչ անելով բացել ճանապարհը։

Մալթայի ներկայացուցիչը եւս հայտարարել է Լաչինի միջանցքի ապաշրջափակման անհրաժեշտությունը՝ նշելով, որ Աղդամի ճանապարհը չի կարող լինել այլընտրանքային։

Տեղում մարդկանց ապրուստի երաշխավորումը պետք է առաջնային լինի, իսկ կյանքը չպետք է լինի սպառնալիքի ներքո՝ անկախ առկա իրավիճակի վերաբերյալ տարբեր կողմերի մեկնաբանություններից։ Այսպիսի հայտարարություն է արել ՄԱԿ-ի ԱԽ-ում Ճապոնիայի ներկայացուցիչը՝ անդրադառնալով Արցախում ադրբեջանական գործողությունների հետևանքով առաջացած ծայրահեղ հակամարդասիրական իրավիճակին։

«ՄԱԿ-ի ԱԽ-ի գերխնդիրը միջազգային խաղաղության պահպանումն է, ինչի համար բոլոր կողմերը պետք է հանձնառու լինեն առկա խնդրին, և այդ առումով երկխոսությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարևոր է»,- ասել է ՄԱԿ-ի ԱԽ-ում Ճապոնիայի ներկայացուցիչը:

Նա նաև կոչ է արել բացել Բերձորի միջանցքը՝ արձանագրելով նաև Ադրբեջանի իշխանությունների կողմից ԿԽՄԿ գործունեության խոչընդոտման փաստը։ Ճապոնիայի պատվիրակության ներկայացուցիչը նույնպես բարձրացրել է միջազգային դատարանի որոշման կատարման կարևորության հարցը՝ վերահաստատելով, որ պետք է հաստատվի օրենքի գերիշխանությունը։

Իսկ ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցիչ Գեն Շուանը, վկայակոչելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված համատեղ հայտարարությունները, հույս է հայտնել, որ կողմերը կկարողանան հավուր պատշաճի լուծել առկա խնդիրները, գտնել գործակցության ու անվտանգության երաշխավորված ուղիներ։

Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Պոլյանսկին հստակորեն շեշտել է Բերձորի միջանցքը բացելու հրատապությունը՝ հավելելով, որ Մոսկվան ակտիվորեն աշխատում է Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցման ուղղությամբ։ Նա շեշտել է, որ այդ հաշտեցումն անհնար կլինի՝ առանց անվտանգության երաշխիքների ու միջազգային սկզբունքների հիմքով ԼՂ բնակիչների իրավունքների հարգման։
ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչը նաև ասել է, որ Մոսկովյան բանակցությունների շրջանակներում, կողմերին առաջարկվել է «խաղաղ բնակիչների և ոչ ռազմական ապրանքների տեղաշարժի համար Աղդամի ճանապարհի և Լաչինով միջանցքի զուգահեռ բացման փոխզիջումային տարբերակը»։

ԱՄՆ պատվիրակության ներկայացուցիչ Լինդա Թոմաս- Գրինֆիլդը նույնպես շեշտել է տարածաշրջանային խաղաղության հաստատման գործում ԼՂ ժողովրդի իրավունքների հարգման կարևորությունը՝ Ադրբեջանի իշխանություններին կոչ անելով վերականգնել Բերձորի միջանցքով ազատ տեղաշարժն ու բեռների տեղափոխումը։

ՄԱԿ-ի ԱԽ- ում ԵՄ պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Սիլվիո Գոնզատոն նշել է, որ հումանիտար հարցերը չպետք է քաղաքականացվեն, Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը պետք է անհապաղ վերականգնվի ու շեշտել, որ Աղդամի ճանապարհը չի կարող այլընտրանք լինել Բերձորի միջանցքին։
Շվեդիայի ներկայացուցիչը ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստում շեշտել է, որ Բերձորի միջանցքի շրջափակված լինելը վատթարացրել է տարածաշրջանում մարդասիրական իրավիճակը։


«Բացի դրանից, կենսականորեն կարևոր է ապահովել քաղաքացիների, առանցքային նշանակություն ունեցող ապրանքների տեղաշարժը»,- հայտարարել է նա։

Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը եւս հայտարարել է, որ մտահոգված է Լաչինի միջանցքի շրջափակմամբ, որը լուրջ հումանիտար խնդիրներ է ստեղծում տեղի բնակչության համար ու կոչ արել թույլատրել ԿԽՄԿ-ին` կատարել իր աշխատանքը` բոլոր ուղղություններով, այդ թվում` Լաչինի միջանցքով։

Բրազիլիայի պատվիրակը կողմերին կոչ է արել կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ին ձեռք բերված համաձայնության կետերն ու հրատապ ձևով լուծում գտնել առաջացած խնդիրներին։

Նա կոչ է ուղղել նաև ՄԱԿ-ի ԱԽ-ին՝ հորդորելով ավելի ուշադրությամբ հետևել զարգացումներին ու գործուն քայլեր ձեռնարկել լուծումներ գտնելու ուղղությամբ։

Նկատենք, որ կոչերից զատ որեւէ պահանջ չներկայացվեց՝ Հաագայի դատարանի որոշումը չկատարող Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ։