Թուրքիայում գազային հաբի նախագծի պարամետրերը դեռ քննարկվում են, այդ թվում ամենաբարձր մակարդակով, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ռուսաստանի ԱԳՆ տնտեսական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Դմիտրի Բիրիչեւսկին։
Նրա խոսքով՝ Թուրքիայի ընտրությունը գազաբաշխիչ կենտրոնի կազմակերպման համար պատահական չէ։
Թուրքիայի դերը՝ որպես տարանցման երկիր Եվրոպայի համար վերջին ժամանակներս, «Թուրքական հոսք» գազատարի գործարկումից հետո, էապես բարձրացել է, ընդգծել է Բարիչեւսկին։ Թուրքական գազային հաբի մասին առաջին անգամ սկսեցին խոսել անցած տարվա հոկտեմբերին։ Այն ժամանակ՝ Բալթիկ ծովում «Հյուսիսային հոսք» եւ «Հյուսիսային հոսք-2» գազատարների պայթեցումից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ռուսական գազի տարանցման կորսված ծավալը կարելի է տեղափոխել Սեւ ծով։ Նա նշել էր Թուրքիայում գազային հաբի ստեղծման հնարավորության մասին, որը կարող էր հարթակ դառնալ այլ երկրներ, առաջին հերթին Եվրոպա մատակարարումների, ինչպես նաեւ գազի գնի որոշման համար, որը 2021-ից բարձրացել է մի քանի անգամ՝ մինչեւ պատմական ռեկորդների հասնելով։
Թուրքիան դրական էր արձագանքել գազային հաբի առաջարկին, եւ երկու երկրների ղեկավարները հանձնարարել էին համապատասխան գերատեսչություններին սկսել աշխատանքներն այդ ուղղությամբ։ Սակայն Եվրոպան առաջարկը խանդավառությամբ չընդունեց։ Արեւմտյան ԶԼՄ-ները տեղեկացրին, որ ենթակառուցվածքների ստեղծումը, որոնք թույլ կտային ավելի շատ ռուսական գազ ներմուծել, «ոչ մի իմաստ չունի», իսկ Եվրահանձնաժողովը հիշեցրեց, որ Եվրամիությունը ձգտում է ավելի արագ նվազեցնել կախումը Ռուսաստանի գազից։ Նախագծի վերաբերյալ ակտիվ բանակցությունները դադարեցվեցին Թուրքիայի հարավ-արեւելքում տեղի ունեցած կործանարար երկրաշարժերից հետո։









