Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որով կոչ է անում Ադրբեջանին անհապաղ հանել Արցախի շրջափակումը, քանի որ ավելի քան 120 000 մարդ, այդ թվում 30 000 երեխա, տառապում են սաստկացող ծանր հումանիտար ճգնաժամի պատճառով։
«Քանի որ հումանիտար ճգնաժամն արգելափակված Արցախ անկլավում հասնում է ողբերգական մակարդակի, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) հաստատում է իր հայտարարությունները եւ դիրքորոշումը միջազգային հանրության կողմից շտապ եւ անհապաղ գործողությունների անհրաժեշտության մասին։ Լաչինի միջանցքը միակ ճանապարհն է, որը շրջանը կապում է Հայաստանի հետ, այն շրջափակված է ավելի քան յոթ ամիս, ինչն արտակարգ հումանիտար իրավիճակ է ստեղծել եւ մեծ սպառնալիքի տակ դրել 120 000 մարդու, ներառյալ երեխաների կյանքը»,- ասել է ԵՀԽ գլխավոր քարտուղար, վերապատվելի պրոֆեսոր, դոկտոր Ջերի Փիլեյը»։
Նշվել է այն, որ մարդկանց ուտելիքը, դեղորայքը, էլեկտրականությունն ու գազը չեն բավականացնում։
«ԵՀԽ-ն կոչ է անում միջազգային հանրությանն անհապաղ եւ արագ միջամտել, որպեսզի հանվի շրջափակումը եւ փրկվի Արցախի բնակիչների կյանքը, իսկ հետո սկսվեն դիվանագիտական լուծումների որոնման ջանքերը տարածաշրջանում արդարացի խաղաղության հաստատման համար»,- ասել է Փիլեյը։
ԵՀԽ-ն Ադրբեջանին եւ առնչակից ուժերին կոչ է անում անհապաղ հանել շրջափակումը եւ բացել Լաչինի միջանցքը, որպեսզի ապահովվի քաղաքացիական անձանց, տրանսպորտի եւ ապրանքների ազատ եւ անվտանգ երկկողմ անցումը միջանցքով, եւ երաշխավորվի անխոչընդոտ հումանիտար հասանելիությունը։









