Foto

ՀՅԴ Բյուրոյի հրավերով գումարվել է ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի նիստ. Քննարկվել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը

ՀՅԴ Բյուրոյի հրավերով հուլիսի 28-ին գումարվել է ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի առցանց նիստ՝ քննարկելու Արցախի Հանրապետության շահերի պաշտպանության ուղղությամբ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների կողմից իրականացվող աշխատանքների լայն համատեքստը։ Հայտնում են կուսակցությունից։ 

Մասնավորապես՝ քննարկվել են տարբեր աշխարհամասերում միջազգային կազմակերպություններում և առանձին երկրներում հայության շահերի պաշտպանությանն ուղղված աշխատանքների ընթացքը։

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի անդամները, յուրաքանչյուրն իր մասով, նախ ներկայացրել է հանձնախմբերի ու գրասենյակների կողմից ինչպես ընթացքի մեջ գտնվող, այնպես էլ առաջիկա աշխատանքները, ապա անդրադարձ է կատարվել հայկական պետությունների շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակի վրա ազդեցություն ունեցող ներքին ու արտաքին զարգացումներին և դրանց հաղթահարման մարտավարությանը:

ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհուրդը Հայ դատի համաշխարհային կառույցի աշխատանքները համադրող մարմին է։ Կենտրոնական խորհուրդը բաղկացած է Կենտրոնական խորհրդի նախագահից, ՀՅԴ Բյուրոյի մի շարք անդամներից, Հայ դատի տարածաշրջանային գրասենյակների պատասխանատուներից, Սոցիալիստական ինտերնացիոնալում ՀՅԴ ներկայացուցչից, Հայ դատի երախտավորներից, ինչպես նաև ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի և Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչներից։ Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախագահը ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր Խաչատուրյանն է: