Foto

Փաշինյանի ՝ Ռուսաստան այցի հստակ ժամկետներ դեռ չկան․ Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան նախատեսվող այցի հստակ ժամկետներն առայժմ հայտնի չեն։

«Առայժմ հստակ ժամկետներ չկան», — ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Սեպտեմբերի 21-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները «այլևս նախկինի նման չեն լինի»։ Նրա խոսքով՝ Երևանն ու Մոսկվան նախկինում համագործակցել են ռազմական հակամարտության պայմաններում, իսկ այժմ՝ խաղաղության ժամանակաշրջանում, անհրաժեշտ է վերանայել երկկողմ կապերը։

Ավելի վաղ՝ Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում, Վլադիմիր Պուտինը բանակցություններ էր անցկացրել Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանդիպման արդյունքներով Ռուսաստանի նախագահը հայտնել էր, որ Հայաստանի վարչապետին հրավիրել է Մոսկվա՝ երկու երկրների փոխգործակցության կոնկրետ հարցերը քննարկելու նպատակով։

Ռուսաստանի նախագահի ծննդյան օրը Պուտինն ու Փաշինյանը հեռախոսազրույց էին ունեցել։ Հայաստանի վարչապետը շնորհավորել էր Պուտինին՝ բարեմաղթանքներ հղելով։ Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել էին նաև Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր։