Իրավիճակը տարածաշրջանում շարունակում է մնալ պայթյունավտանգ, քանի որ Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ նոր ռազմական ագրեսիայի սպառնալիքը չափազանց մեծ է: Այս հայտարարությունն արել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Corriere della sera» իտալական պարբերականի հետ զրույցում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ նախագահը աշխատանքային այցով գտնվում Իտալիայում։ Խաչատուրյանը հանդիպումներ կունենա Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի, Իտալիայի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների հետ:
«Բաքուն անտեսում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հռչակագիրը, որը ստորագրել են Հայաստանի վարչապետը, Ադրբեջանի նախագահը և Ռուսաստանի Դաշնության նախագահը: Ադրբեջանի շարունակվող ագրեսիան նոր ձև է ստանում։ Մենք ականատես ենք լինում հարևան սահմանամերձ շրջանների պարբերաբար գնդակոծություններին։ Ցավոք, մենք չենք տեսնում միջազգային հանրության համարժեք և կոշտ արձագանքը»,– ասել է Խաչատուրյանը։
Նախագահն անդրադարձել է Լաչինի միջանցքի շրջափակմանը` հիշեցնելով, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միակ օղակն արդեն մի քանի ամիս է` փակ է։
«2023 թվականին մենք չենք կարող հանդուրժել, որ 120 հազար մարդ տառապի սովից։ Իսկ մեր հարևանը ոչ միայն վայելում է անպատժելիությունը, այլև հաստատապես հավատում, որ ռազմական գործողություններով կարող է շարունակել հասնել իր նպատակներին»,– ասել է նա:
Խաչատուրյանն անդրադարձել է նաև ՀՀ–ՌԴ հարաբերություններին։
«Մենք շարունակում ենք շատ սերտ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ. այն մեր առաջին առևտրային գործընկերն է։ Իսկ մենք ՀԱՊԿ մաս ենք կազմում, ՌԴ–ն խաղաղապահ առաքելություն է ուղարկել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը պաշտպանելու համար։ Բացի այդ, Ռուսաստանում շատ հայեր են ապրում։ Սակայն պատերազմի սկզբից ի վեր կան նաև բազմաթիվ ռուսներ, որոնք որոշել են տեղափոխվել մեր երկիր և մտադիր չեն հեռանալ մինչև դրա ավարտը»,– ասել է նա։
Խաչատուրյանը նշել է` պատերազմն ապակայունացրել է տարածաշրջանը ամենից առաջ տնտեսական տեսանկյունից։ Նրա խոսքով` եթե դա չլիներ, ՀՀ–ն կարող էր այլ տեսակի հարաբերություններ ունենալ թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի հետ։









