Foto

Անհապաղ միջոցներ ձեռնարկեք ռուս խաղաղապահ առաքելությանը միջազգային մանդատով օժտելու համար. Արցախի ԱԺ-ն դիմում է Հայաստանին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովն ուղերձ է հղել ՄԱԿ-ի կողմից Արցախում խաղաղություն պարտադրելու համար պատշաճ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ։

«2020թ․ սեպտեմբերի 27-ին Թուրքիայի անմիջական մասնակցությամբ և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ, կոպտորեն խախտելով ուժի և ուժի կիրառման  սպառնալիքի բացառման սկզբունքը, Ադրբեջանը սանձազերծեց 44-օրյա ռազմական ագրեսիա, որը դադարեցվեց Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների 2020թ․ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությամբ։ Եռակողմ հայտարարությամբ սահմանված կարգով Արցախի (Լեռնային Ղարաբաղ) Հանրապետությունում տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ՝ 5 տարի ժամկետով՝ հետագայում երկարաձգման հնարավորությամբ, եթե Կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Եռակողմ հայտարարությամբ Ռուսաստանի Դաշնությունը, ըստ էության, իրացրել է ՄԱԿ-ի կանոնադրության 6-րդ գլխում սահմանված վեճերի խաղաղ կարգավորման դրույթները, մասնավորապես, 33-րդ հոդվածի 1-ին մասը, հակամարտության կողմերի միջև վեճի կարգավորումը տեղափոխելով «միջնորդության, համաձայնության և բանակցությունների» դաշտ, ինչը ձախողվել է Ադրբեջանի կողմից դրսևորվող շարունակական և լայնածավալ ագրեսիայի հետևանքով՝ հակամարտության ուղղակի և անուղղակի կողմերի ներգրավմամբ ստեղծելով տարածաշրջանային ճգնաժամ։ Մյուս կողմից` շարունակվում է  անտեսվել Արցախի Հանրապետության սուբյեկտայնությունն ու Արցախի ժողովրդի կամարտահայտությունը։ Արցախի ժողովուրդը, միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերի ու սկզբունքների, ինչպես նաև ԽՍՀՄ օրենսդրության համապատասխանությամբ, իրացրել է ինքնորոշման իր իրավունքը՝ 1991թ. սեպտեմբերի 2-ին հռչակելով Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետություն, այնուհետև դեկտեմբերի 10-ին անցկացնելով Անկախության հանրաքվե։

Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը օժտված չէ միջազգային մանդատով․ հանգամանք, որը կանաչ լույս  է վառում Ադրբեջանի կողմից Եռակողմ հայտարարության և միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների խախտումների, տարածաշրջանի  անվտանգության և կայունության շարունակական վտանգման համար։ Ասվածի փաստական ապացույցներն են Ադրբեջանի կողմից Եռակողմ հայտարարությամբ ամրագրված հրադադարի ռեժիմի ու միջազգային իրավունքի նորմերի կոպտագույն խախտումները, այդ ամենի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՄԱԿ-ի միջազգային արդարադատության  դատարանի որոշումներով, ԵԽԽՎ-ի բանաձևով արձանագրումները: Մասնավորապես Բերձորի (Լաչինի) միջանցքի արգելափակման հետևանքով Արցախի՝ արդեն յոթ ամսից ավել շարունակվող շրջափակումը, ենթակառուցվածքների խափանումը, քաղաքացիական բնակչության նկատմամբ իրականացվող շարունակական ահաբեկումները, ազգային ատելության քարոզչությունը, հայկական եկեղե­ցիների, պատմամշակութային, կրոնական և այլ հուշարձանների միտումնավոր ոչնչացման և վանդալիզմի արձանագրված բազմաթիվ դեպքերը: Նշված և այլ մեթոդներով Էթնիկ զտումների քաղաքականությունը մարդկության դեմ ուղղված հանցագործության բացահայտ դրսևորումներ են։

Հիմք ընդունելով այդ ամենը, ինչպես նաև ՄԱԿ-ի՝ գալիք սերունդներին պատերազմի, էթնիկ զտումների և ցեղասպանության արհավիրքից փրկելու վճռականությունն ու միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման պատասխանատվությունը՝ Արցախի ժողովրդի բարձրագույն ներկայացուցչական մարմինը՝ Ազգային ժողովը,  կոչ է անում.

Հայաստանի Հանրապետությանը՝

- անհապաղ միջոցներ ձեռնարկել Արցախի Հանրապետությունում տեղակայված  խաղաղապահ առաքելությանը միջազգային մանդատով օժտելու համար՝ սահմանված ընթացակարգով դիմելով ՄԱԿ-ի  Անվտանգության խորհրդին, Գլխավոր ասամբլեային՝ առաջարկելով պատշաճ քայլեր կատարել  տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանման ուղղությամբ։

Միջազգային հանրությանը՝ ի դեմս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ-երկրների՝

Հավատարիմ լինելով ՄԱԿ-ի կանոնադրության 1-ին գլխում սահմանված նպատակներին ու սկզբունքներին և առաջնորդվելով ՄԱԿ-ի  կանոնադրության 7-րդ գլխում սահմանված կարգով՝ ընդունել իմպերատիվ բնույթի որոշում (բանաձև)՝ ձեռնարկելով և սահմանելով Արցախում խաղաղություն պարտադրելու գործուն միջոցներ:

Արցախի Հանրապետությունը հանձնառու է փրկելու իր ժողովրդին պատերազմի արհավիրքից, վերահաստատելու հավատը մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների, ինչպես նաև մեծ ու փոքր ազգերի հավասար իրավունքների նկատմամբ, ուստի այդ կառույցներից ակնկալում է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք կապահովեն միջազգային իրավունքի նորմերից բխող պարտավորությունների հանդեպ հարգանքը, ազատության պայմաններում խթանել Արցախի ժողովրդի արժանապատիվ կյանքի ապահովումը»,- ասվում է ուղերձում։