ԼՂ-ում խորացող հումանիտար ճգնաժամի պայմաններում հւոլիսի 15-ին Բրյուսելում եռակողմ հանդիպում ունեցած ԵՄ խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի հետ։ Այդ հանդիպումը ցավոք Լաչինի միջանցքի բացման և ԼՂ-ում ճգնաժամի հաղթահարման առումով որևէ կոնկրետ արդյունք չտվեց։ Այդ մասին Կառավարության նիստին հայտարարեց վարչպետը։
«Քաղաքական առումով ԵՄ խորհրդի նախագահը հանդիպմանը հաջորդած իր հայտարարություն մեջ ընդգծեց Լաչինի միջանցքի բացման անհրաժեշտությունը, ինչպես նաև ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության օրակարգը Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջոցով հասցեագրելու անհրաժեշտությունը։ Մեր համոզմունքը եղել և շարունակում է մնալ այն, որ առանց միջազգային մեխանիզմների ներգրավվածության այս երկխոսությունը չի կարող արդյունավետ լինել առնվազն այն պատճառով, որ Բաքուն շարունակում է իր ագրեսիվ ու սպառնալից հռետորաբանությունը ԼՂ հայության նկատմամբ, որի խորքային նպատակը մեր գնահատմամբ, ԼՂ-ում էթնիկ զտումների իրականացումն է։ Հիմա արդեն դա ոչ թե տեսական պնդում է, այլ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմամբ իրականացվող կոնկրետ ծրագիր, որի կոնկրետ դրսևորումը էլեկտրաէնեգիայի, բնական գազի, պարենի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների՝ դեպի ԼՂ մատակարարման իսպառ բացակայությունն է»,-նշեց Փաշինյանը։
Նա նաև ընդգծեց, որ փաստացի Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումները մինչև օրս չեն կատարվել։
«Այսուհանդերձ, մենք պետք է շարունակենք այս ուղղությամբ աշխատել։ Անհրաժեշտ է նաև աշխատանքներ տանել ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամը միջազգային մամուլում հնարավորինս լայն լուսաբանելու ուղղությամբ»,-ասաց Փաշինյանը։