Նախքան քրիստոնյա հայերին «ինտեգրելը», Ադրբեջանը սպանում է նրանց՝ կազմակերպելով տարբեր դիվերսիոն գործողություններ, ապա ոչնչացնում քրիստոնեական եկեղեցիներն ու քրիստոնեական ժառանգության հուշարձանները։ Հետևաբար՝ Ադրբեջանը քրիստոնյա հայերին ինտեգրելու ծրագիր չունի։ Թվիթերյան իր էջում այս մասին գրել է հատուկ հանձնարարություններով ՀՀ դեսպան Էդմոն Մարուքյանը՝ հրավիրելով աշխարհի մեծ պետությունների ու կազմակերպությունների ղեկավարների ուշադրությունը։
«Ադրբեջանն ամեն օր ապացուցում է, որ ի վիճակի չէ անգամ ապահովելու այն նարատիվները, որոնք ձևակերպում է միջազգային հանրության աչքի առաջ։ Օրինակ, Ադրբեջանը պնդում էր, որ իրենք ցանկանում են ինտեգրել Լեռնային Ղարաբաղի հայերին, և որ նրանք իրենց քաղաքացիներն են։
Միջազգային հանրությունը Ադրբեջանից պահանջել է վստահության ամրապնդման միջոցներ ձեռնարկել և ուղիղ բանակցություններ սկսել Լեռնային Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների հետ՝ ներդնելով միջազգային մեխանիզմ՝ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության երաշխիքներով։ Սրան ի պատասխան՝ նախքան քրիստոնյա հայերին «ինտեգրելը», Ադրբեջանը սպանում է նրանց՝ կազմակերպելով տարբեր դիվերսիոն գործողություններ, ապա ոչնչացնում քրիստոնեական եկեղեցիներն ու քրիստոնեական ժառանգության հուշարձանները, հետևաբար՝ Ադրբեջանը քրիստոնյա հայերին ինտեգրելու ծրագիր չունի»,- գրել է նա։
Մարուքյանը բարձրաձայնել է նաև շուրջ 7 ամիս շարունակ, գազամատակարարման ու էլեկտրաէներգիայի պարբերական ու տևական անջատումների, այդ ամբողջ ընթացքում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը շրջափակման մեջ պահելու, արդյունքում սովահարության հետևանքով արձանագրված մանկահասակ երեխաների մահված դեպքերի մասին։
«Բնականաբար, այս քայլերով Ադրբեջանը դիմում է միջազգային քրեական հանցագործության՝ բոլորին հասկացնելով, որ որևէ քայլ չի կատարվում՝ վստահություն ձևավորելու ուղղությամբ։ Ընդհակառակը, դա ցույց է տալիս, որ իրականացվող քաղաքականությունը կոչված է ոչ թե հայ ժողովրդին ինտեգրելու, այլ Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտումների ենթարկելու նպատակով, ասել է, թե ձեռք բերել հողակտոր՝ առանց մարդկանց։ Միջազգային հանրության լիբերալ ժողովրդավարության ինստիտուտները կամ պետք է ընդունեն, որ կիսում են Լեռնային Ղարաբաղի հայերի 120.000 և 30.000 երեխաների սովի, սպանությունների և էթնիկ զտումների պատասխանատվությունը, կամ հստակ քայլեր ձեռնարկեն միջազգային միջամտության տեսքով՝ դադարեցնելու մարդկության դեմ այդ հանցագործությունները։
Հակառակ դեպքում, 21-րդ դարը նշանավորվելու է մարդու իրավունքների ևս մեկ զանգվածային ոտնահարմամբ, ավելի կոնկրետ՝ միջազգային քրեական հանցագործությամբ, որը դեռևս կարող է կանխվել միջազգային հանրության կողմից»,- գրել է նա։









