Foto

Պետական մտածողության կարևորությունը


Իր գրեթե բոլոր ուղերձներում Նիկոլ Փաշինյանը բացահայտ խոսում է Արցախի վախճանի մասին։ Ավելին, իրեն բնորոշ բոլորին «մեղավոր նշանակելու» մոլուցքի շարքում Փաշինյանն իրականում մեղադրում էր հասարակությանը՝ իր նման ղեկավարին հանդուրժելու համար։ Արցախի կորուստը ՀՀ կորստի ու հայկականության կորստի առնացքային գործոններից մեկն է, որովհետև մեր անկախության ողջ ժամանակաշրջանը հանգուցալուծված է արցախյանով: Հիմա մենք հայտնվել ենք աշխարհաքաղաքական անհասկանալի մի բավիղում, որի կնքահայրը Փաշինյանն է։ Հայաստանում նկատվող ամենացավոտ ճգնաժամերից մեկը կապված է պետական մտածողության հետ: Պետականության երկարամյա բացակայությունն արտահայտվել է «պետական մտածողության հմտությունների» բացակայության մեջ, ինչպես անհատական, այնպես էլ՝ ազգային մակարդակներում: Օրվա իշխանությունների վերջին հինգ տարվա վարած ակնհայտ ուղղորդված քաղաքականության պատճառով արժեզրկվել ու զրոյացել է անկախությունը։ Չնայած պետական կառավարման համակարգում առկա լուրջ բացթողումներին, ինչպես նաև կադրային քաղաքականությանը՝ մինչև 2018 թվականի իշխանազավթումը ՀՀ իշխանությունների կողմից տարվում էր այնպիսի քաղաքականությունն, որպեսզի ամրապնդվի անկախությունը, երկրի սուվերենությունը բարձրանա և, ընդհանրապես, ՀՀ-ն՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, էլ ավելի ընկալելի ու ներկայանալի լինի:

Պետության ամենաառանցքային ֆենոմենն ազատությունն է։ Անկախություն ասվածը, բացի այն, որ ինքնին բացառիկ արժեք է և ունի լուրջ խորքային գաղափարական հիմքեր, ցանկացած ժողովրդի համար գերագույն հանգրվան է, և շատ կարևոր է այն փայփայել, ավելին՝ էլ ավելի խորը արմատավորված փոխանցել սերունդներին, սակայն այն, ինչին ականատես ենք դառնում ներկայումս, վկայում է այլի մասին։ Հիմա կանգնած ենք պետականության փաստացի կորստի առաջ Հայաստանը դե ֆակտո զրկված է անկախ ու սուվերեն պետություն լինելու կարգավիճակից, իսկ Նիկոլի և իր ապիկար իշխանության կողմից ստեղծվել է մի այնպիսի պատային իրավիճակ, երբ մենք չենք կարողանում պահպանել անգամ մեր պետության տարածքային ամբողջականությունը։ Անկախության մսխման մյուս գործընթացներից կարող ենք արձանագրել ազգային բոլոր արժեքների ոտնահարումը, որին ականատես դարձանք 2018-ից հետո (եկեղեցի, բանակ և ազգային գիտակցություն)։


Արմեն Հովասափյան