Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ օգոստոսի 19-ի ժամը 23․30-ի սահմաններում մայրաքաղաքի Երվանդ Քոչարի փողոցում վարորդների միջև տեղի է ունեցել միջադեպ։
Ըստ տեղեկության՝ «Մերսեդեսի» վարորդը, ձայնային ազդանշան տալու չնչին առիթով, խախտելով երթևեկության կանոնները՝ վազանց է կատարել ու մեքենայով փակել «Կիա» մակնիշի մի մեքենայի ճանապարհը։ Այնուհետև, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ՝ «Մերսեդեսի» վարորդն ու նրա ուղևորը բռնություն գործադրելով մեքենայից դուրս են բերել «Կիայի» վարորդին, հնչեցրել հայհոյանքներ, հասցրել հարվածներ։
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քրեական ոստիկանների միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են Ավանի Թեմրուչի փողոցի բնակիչ «Մերսեդեսի» 30-ամյա վարորդն ու Երվանդ Քոչարի փողոցի բնակիչ 25-ամյա ուղևորը, ձերբակալվել ու տեղափոխվել Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին։ «Մերսեդեսը» տեղափոխվել է նույն բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ձերբակալվածների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
–









