Foto

Ինչու հանրությունը չի ցանկանում երկար մտածել


ՀՀ այսօրվա քաղաքական ու հանրային օրակարգում ամենօրյա ռեժիմով նոր հայեցակարգ ու օրահարց է դրվում քննարկման, ինչն էլ դառնում է տվյալ քսանչորսժամյա թոփային թեման, քանի որ այն առաջ է քաշվում ՀՀ «գլխավոր հակահայ խմբագրի» կողմից։ Ցավալի է, բայց նշված ռեժիմով ապրելուն բոլորս արդեն վաղուց հարմարվել ենք, հարմարվել ենք նաև այն առօրյային, որ խորքային ու բովանդակային քաղաքական դիսկուրս ասվածը գոյություն չունի՝ ամենուր ատելություն ու հակակրանք է։ Բանը հասավ նրան, որ կայացած և լուրջ քաղաքական հետագիծ ունեցող քաղաքական ու հանրային գործիչներն իրենց առօրյա լեքսիկոնը ստիպված իջեցրեցին Նիկոլի մակարդակին, որն, ինչպես գիտենք, գաղութային ժարգոնից ու «կարգին սքեթչերից» այն կողմ չի անցնում։ 

Փաշինյանը քաղաքական դաշտում մնացել է միայնակ, քանի որ բոլոր ուժերի հետ համագործակցության կամուրջներն այրել է, իսկ վերջին 3 տարիներին քաղաքական համակարգում առկա հիմնական դերակատարներն ու գործիչներն ուղղակի ոչ մի քննարկման ու համագործակցության մասին լսել անգամ չեն ուզում, ու, իրականում, դրա անհրաժեշտությունն էլ չկա։ Փաշինյանը չունի գաղափար, իսկ վերջինիս «հավաքագրած» իշխանական բլոկը նրա անձի միֆի շուրջ հավաքված, բացառապես թուրքական օրակարգը սպասարկող մի խնբակ է։

Յուրաքանչյուր քաղաքական միավորման մեջ ընդգրկված մարդիկ համախմբվում են որևէ «իզմի» շուրջ, ինչը հանդիսանում է այդ մարդկանց միավորման քաղաքական այն սոսինձը։ Միանշանակ է, որ առկա տարբեր հարցերի  նկատմամբ տվյալ կառույցում պետք է ունենան գրեթե նույն դիրքորոշումը: Իսկ եթե չկա «իզմը», ապա այն դառնում է պատահական մարդկանց միավորում։ «Իզմի» առակայությունը նաև ճանապարհ է, որը մարդուն տանում է դեպի նախընտրած նպատակը, այսինքն՝ ինչպես են, պետություն կառուցելիս, պատկերացնում նպատակների իրագործման ճանապարհն ու տարբերակները։ Նիկոլի համար կա մի գլխավոր կարգախոս՝ հնարավոր և անհնար բոլոր գործիքակազով «շարքից հանել» ցանկացած ընդդիմախոսի և հանրության առաջ դարձնել որպես իսկական դեմոն և տոտալ քննադատության առարկա և ՀՀ պետականության կորստի գործընթացն անխոչընդոտ հասացնել վերջնական փուլին։ Քաղաքական ընդդիմախոսներին հանրության աչքին նսեմացնելու քաղաքականությունը Փաշինյանի կողմից սկսեց իրականացվել իշխանության գալու առաջին իսկ օրվանից, և այսօր հասել է իր գագաթնակետին։ Ունենք մի իրավիճակ, երբ ցանկացած փոքրիկ միջադեպ, որտեղ այս կամ այն կերպ հոլովվում է իշխանությանը քննադատող ընդդիմադիր գործչի անուն, միանգամից մանիպուլյացվում է՝ դառնալով  շարքային «պողոսին» հրամցնելու նյութ։ Հանրությունը չի ցանկանում երկար մտածել, անել սեփական դատողություններն ու հանգել տրամաբանական եզրակացության: Ավելի հաճելի ու հեշտ է առաջնորդվել այն տեսակետով և տարբերակով, որը մատուցվում է վերևից: Բայց ոչ բոլորին է հասկանալի, թե ինչ շիլա է եփվում վերևում՝ հանրությանն ամենօրյա ռեժիմով սիստեմատիկ մանիպուլյացնելու նպատակով։


Արմեն Հովասափյան