Foto

Քաղաքականությամ մեջ խնդիրները լուծում են ստանում ոչ թե <<ցանկալիի-անցանկալիի>>, այլ <<հնարավորի-անհնարի>> միջակայքում. քաղաքագետ

Քաղաքագետ Գարեգին Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Արցախի  ներկայիս վիճակը պայմանավորված է այն հանգամանքով, որ հայ քաղաքական միտքը  դեռևս անզոր է հարցի վերաբերյալ առաջադրելու օպտիմալ լուծում (բանաստեղծը դիպուկ է ասել, որ հայի չափը չափազանց է)։ Օպտիմալ ասելով տվյալ պարագայում նկատի ունեմ   լուծման այնպիսի տարբերակ, որը նվազագույնը  3 բաղադրիչ կամբողջացնի իր մեջ.

1. Չի լինի Ադրբեջանի` միջազգայնորեն ճանաչված սահմաններում

2. Կլինի առավելապես հայաբնակ

3. Կունենա սուբյեկտայնության  որոշակի աստիճան,   ինքնակառավարման սեփական համակարգ։

Ելնելով այն տրամաբանությունից, որ քաղաքականությամ մեջ  խնդիրները լուծում են ստանում ոչ թե <<ցանկալիի-անցանկալիի>>, այլ <<հնարավորի-անհնարի>> միջակայքում, մաքսիմալիստական ակնկալիքներ ենթադրող յուրաքանչյուր լուծում  դատապարտված է ոչ միայն չիրականացնելու, այլև  վնասելու օպտիմալ համարվող յուրաքանչյուր լուծման հավանականություն։ 

 Որպեսզի առավել ըմբռնելու լինի ասածս, փորձեմ պատմաքաղաքական զուգահեռներով  ներկայացնել հարցի հիմնական առանցքը և ըստ այդմ նախանշել  օպտիմալ լուծման շրջանակը։ 

Այսպես, Արցախի վերաբերյալ նույնաբովանդակ զարգացումներ էին ընթանում նաև մեկ դար առաջ` 1918-1920 թթ։ Ցավոք սրտի, այն ժամանակ հնարավոր չեղավ գտնել խնդրի օպտիմալ լուծում, արդյունքում եղավ այն ինչ եղավ. Արցախը հայտնվեց Խորհրդային Ադրբեջանի կազմում և խնդիրի հետագա լուծումը` որպես ժառանգություն, մնաց հաջորդ սերունդների ուսերին։ 


 Բաթումի պայմանագրից հետո Արցախի խնդիրը մնացել էր օդում կախված։ Հայաստանի նորաստեղծ հանրապետությանը հարկադրել էին հրաժարվել պատմական հայկական ու հայաբնակ երկրամասից, հեղաբեկումների և քաղաքացիական պատերազմի մեջ հայտնված Ռուսաստանը դադարել էր մի կարճ ժամանակ տարածաշրջանում դերակատար լինել, իսկ թուրք-ադրբեջանական ուժերը շտապում էին օր առաջ զինագրավել և հայաթափել Արցախը։ Եթե ուկրաինական պատերազմը նախորդեր 44-օրյա պատերազմին և Արցախ ռուսների մտնելուն, պրոցեսը նույնությամբ ծավալվելու էր նաև այսօր։ Ինչեւէ,  նման ծանր պայմաններում` 1918 թ հուլիս 22-26-ը Շուշիում կայացած արցախահայերի առաջին համագումարը երկրամասը հռչակեց անկախ վարչաքաղաքական միավոր և կազմեց <<Ղարաբաղի ժողովրդական կառավարություն>>։   Նախ թուրքերի (նույն թվականի հոկտեմբերին թուրք-ադրբեջանական բանակին մեծ ավերածությունների գնով հաջողվեց ռազմակալել Արցախի մի շարք բնակավայրեր` այդ թվում Շուշին ), իսկ արդեն նոյեմբերից թուրքերին Կովկասում փոխարինած անգլիացիների օգնությամբ ադրբեջանցիները փորձեցին  չեզոքացնել  անկախ վարչամիավորի արցախցիների հռչակած իրավունքը։ Թոմսոնի թողտվությամբ Խոսրով բեկ Սուլթանովը 1920 թ. մարտին Շուշիում և շրջակա հայկական գյուղերում իրականացրեց հայերի զանգվածային կոտորած,բայց  միևնույնն է խնդիրը լուծել չկարողացավ։ Թվում է գործընթացը ընթանում է տրամաբանական  հունով, բայց 1920 թ ապրիլի 25-ին  արցախահայերի 9-րդ համագումարում Արցախը հայտարարվում է Հայաստանի անբաժանելի մաս։ Սա, իմ կարծիքով  որոշում էր, որտեղ անտեսված էին  առկա ժամանակաշրջանի իրողություններն ու հնարավորությունները( մոտավորապես` <<Արցախը Հայաստան է և վերջ>>` արված 2019 թ.,երբ նկատելի անվստահություն կար հայ-ռուսական հարաբերություններում)։ Ինչու՞։ Ռուսաստանում ավարտվել էր քաղաքացիական  պատերազմը և  հաղթած բոլշևիկները շտապում էին երկրամասը խորհրդայացնելու։ Հայաստանի կառավարությունը թշնամանք էր տածում բոլշևիկների նման ձգտումների նկատմամբ։ Հետևաբար, նման պայմաններում օպտիմալ կհամարվեր  արցախցիների ոչ թե Հայաստանին միանալու ցանկությունը, այլ, որպես առանձին սուբյեկտ, Անդրկովկասում առաջինը խորհրդայնանալու։  Սա կզրկեր Ադրբեջանին մանյովրելու հետագա  հավանականությունից, որը արցախահայերի  հիշյալ 9-րդ համագումարից 3 օր անց` 1920 թ. ապրիլի 28-ին խորհրդայնացավ, ապա սկսեցին Արցախն այսպես կոչված խորհրդայնանացնելու պատրվակով բռնակցելու գործընթացը։ Ինչու՞ եմ այս լուծում համարում տվյալ հանգամանքներում ամենից օպտիմալը, որովհետև ի վերջո Արցախը խորհրդայնացավ, բայց խորհրդայնացավ` առանց  խոշոր դիվիդենտներ շահելու հավանականության, խորհրդայնացավ ոչ թե սեփական խաղի արդյունքում, այլ Ադրբեջանի խորհրդայնացման հետևանքով։ Դա տեղի ունեցավ արդեն հիշատակված  9-րդ համագումարից  ուղիղ մեկ ամիս անց` մայիսի 25-ին Թաղավարդում հրավիրված արցախահայերի 10-րդ համագումարում։ Կրկնում եմ, Արցախը միևնույնն է հռչակեց Խորհրդային, այն դեպքում, երբ կարելի էր ընդհամենը 2 ամիս ավելի վաղ խորհրդայնանալ, պահպանել սուբյեկտայնությունը և նաև  լեգիտիմ հիմք ընձեռել  Խորհրդային Ռուսաստանին վերադառնալու տարածաշրջան։  Այդ կերպ գուցե հնարավոր լիներ խուսափելու նաև Շուշիի  հայերի զանգվածային ջարդերից։

Եթե զուգահեռներ անցկացնենք  Արցախի խնդրի արդի փուլի զարգացումների հետ, դժվար չի լինի նկատել, որ սցենարային առումով գործընթացը ներառել է նույն փուլերը մի տարբերությամբ, որ մայր հայրենիքին միանալու գործընթացը մեկնարկել է դեռևս խորհրդային շրջանում, որտեղ խոսք էր գնում ոչ թե միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխության մասին, այլ  միևնույն պետական կազմավորման շրջանակներում մեկ վարչա-քաղաքական  սուբյեկտից մյուսին անցնելու մասին։ Հետագա զարգացումները շատերին են հայտնի, ուստի մանրամասնելու անհրաժեշտություն չեմ տեսնում։ Այսօր Արցախը հայտնվել է այնպիսի մի հանգրվանում, որտեղ կայացված յուրաքանչյուր որոշում լինելու է բախտորոշ։ Հետևաբար նորից է առաջանում օպտիմալ լուծման անհրաժեշտություն։ 

Երկու օր առաջ Էրդողան անթաքույց հույս էր հայտնում, որ 2025 թվականից հետո (սպառվում է խաղաղապահ զորակազմի տեղակայման հնգամյա ժամկետը) ռուսական ռազմական ներկայության անհրաժեշտություն այլևս չի լինի։ Այս հայտարարության և նաև ռուսական գեոստրատեգիական ձգտումների մեջ պետք է որոնել  խնդրի օպտիմալ լուծման տարբերակը։ Եթե ավելի թափանցիկ ասեմ, Արցախը իր քաղաքական ապագան պետք է ձգտի որոնել Ռուսաստան-Բելոռուս կառույցին ինտեգրվելու ճանապարհով։ Ինտեգրվելու մեխանիզմները կարող են տարբեր լինել, կարևոր է այստեղ այն, որ նախաձեռնությունը լինի Արցախից և որ  հենց այդ նախաձեռնությունը հնարավորություն տա Ռուսաստանին 2025 թ հետո էլ լեգիտիմացնելու իր ներկայությունն Արցախում»։