Հարավային Կորեան Ուկրաինայից պաշտոնական բացատրություն և ներողություն է պահանջել՝ երկու հյուսիսկորեացի ռազմագերիների փոխանցման մասին տեղեկության հրապարակման կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Euronews-ը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի նախագահի հասարակայնության հետ կապերի գծով ավագ քարտուղար Սոն Գի Հոնի հայտարարությունը։
Ինչպես նշում է պարբերականը, անցած շաբաթ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ Կիևը Հարավային Կորեային է փոխանցել գերեվարված երկու հյուսիսկորեացի զինծառայողների։
Զելենսկու հայտարարությունից մի քանի ժամ անց Հարավային Կորեայի նախագահ Լի Ջե Մյոնը քննադատել էր ուկրաինական կողմի այդ քայլը։
Ավելի ուշ Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Լիտվինը հայտարարել էր, որ Զելենսկին հրապարակել է միայն զինծառայողներին Հարավային Կորեային փոխանցելու փաստը։
Նա նաև ընդգծել էր, որ Ուկրաինան բաց երկիր է՝ հավելելով, որ զինծառայողների գաղտնի փոխանցումը տարօրինակ կլիներ։
Ի պատասխան՝ Սոն Գի Հոնը հայտարարել է, որ ուկրաինական կողմի կողմից տեղեկատվության միակողմանի հրապարակումը երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածության լուրջ խախտում է։
«Ուկրաինական կողմի կողմից երկու երկրների միջև տեղեկատվության չհրապարակման համաձայնագրի խախտումն ինքնին և տեղեկատվության միակողմանի հրապարակումը շատ լուրջ հարց է»,- նշել է նա։
Հարավկորեական վարչակազմի ներկայացուցչի խոսքով՝ ուկրաինական կողմի հայտարարությունները, թե գաղտնիության վերաբերյալ համաձայնություն չի եղել, նույնպես խաթարում են երկու կառավարությունների միջև վստահությունը և լուրջ վնաս են հասցնում երկրների բարեկամական հարաբերություններին։
Սոն Գի Հոնը հայտնել է, որ Հարավային Կորեայի նախագահի աշխատակազմը դիտարկում է տեղի ունեցածի կապակցությամբ լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը։
Նա նաև ընդգծել է, որ Սեուլն ակնկալում է Կիևից պաշտոնական բացատրություն և ներողություն։









