Foto

Արցախն ինքը պետք է ասի՝ հա՛յ ժողովուրդ, օգնի՛ր ինձ՝ ազատվել Նիկոլ Փաշինյանից. Աբրահամ Գասպարյան

Արցախում համաժողովրդական հանրահավաք է, որը երեկվա իր ելույթով հրավիրել է Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։ Թեմայի վերաբերյալ Vesti.am-ը հարցեր է ուղղել Genesis Armenia ուղեղային կենտրոնի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանին։

-       Արցախի պետնախարարն իր երեկվա ուղերձում չտվեց Արցախի նախագահի և Հայաստանի վարչապետի անունները կամ, գոնե, չմատնանշեց նրանց պատասխանատվությունը։ Ո՞րն է խնդիրը։

-       Արցախի իշխանությունը տոտալ կախվածության մեջ է Հայաստանի իշխանությունից՝ ֆինանսականից միչև քաղաքական, անվտանգային, ռազմական և այլն։ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն էր միչև 44 օրյա պատերազմն, իսկ հիմա ՄԱԿ-ի՝ 1948թ Ցեղասպանությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվեցիայի 2-րդ հոդվածի բոլոր կետերով Ադրբեջանն իրականացնում է ցեղասպանական արարք՝ Արցախի նկատմամբ։ Բնական է, որ Արցախի իշխանությունը պիտի իր դիրքորոշումը հայտնի, որը պետք է լինի մտածված, խոհեմ և հավասարակշռված։ Արցախի պետնախարարը չի կարող Արցախի իշխանությանը որևէ պահանջ ներկայացնել, քանի որ հենց ինքն է պատասխանատուներից մեկը։ Նույնը վերաբերում է Արայիկ Հարությունյանին։ Նա շատ լավ գիտակցում է, որ որևէ արտահայտություն, որը դուր չի գա Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող անձին, անհետևանք չի մնալու։ Վաղը Բրյուսելում նախատեսված հանդիպումից առաջ նման հայտարարություն անելը կարող է Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողին դրդել ավելի քինախնդիր ու վտագավոր քայլերի։

-       Ինչու՞ հնչեցնել Նիկոլ Փաշինյանի անունը։

-       Արցախը պետք է դիմի հայությանն ոչ թե սատար կանգնելու, այլ՝ ազատվելու այն քաղաքական ուժից, որն այս աղետը բերել է իր գլխին։ Սա է ամբողջ խնդիրը։ Արցախի իշխանությունը պարտավոր է կանգնել և, ի լուր հայության, պարզ խոսել՝ ասել, որ Հայաստանից մեզ չեն թողնում մեր ինքնորոշման իրավունքի իրացման ուղղությամբ քայլեր ձեռնարկել, մեր փոխարեն շարունակում են բանակցել՝ չհանդիսանալով մեր անվտանգության երաշխավորը։ Սրանից հետո ես վստահ եմ, որ հայությունը պատրաստ է նեցուկ կանգնել Արցախին։ Հասարակ մարդկանց ուղղված մեղադրական ճառեր հնչեցնելը լավ բանի չի բերելու՝ հուսահատության, հուսալքության ալիքն ավելի է բարձրացնելու։

-       Երեկ Արցախի պետնախարարը հայտարարեց, որ ինքն ապաքաղաքական է և դա իր օբյեկտիվության ցուցիչն է։ Նա, ի պաշտոնե, նույնպես պատասխանատու է երկրում քաղաքական պրոցեսների համար։ Ինչու՞է նման հայտարարություն անում։

-       Դա քաղաքական ոչ կոռեկտ միտք է։ Եթե վարչապետն ապաքաղաքական մարդ է, ապա տաքսու վարորդն էլ կարող է քաղաքական պրոցեսներ ղեկավարել։ Լուրջ չեմ վերաբերում նման ձևակերպմանը, կարծում եմ՝ թերացում է եղել։

-       Ինչու՞ արցախցիներին պայքարի հանել, եթե հիմնական խոչընդոտի դեմ պայքար չեն մղելու, եթե շարունակում են կախված մնալ Հայաստանի իշխանությունից։

-       Հենց դա է ապսուրդը։ Երբ պաշտոնապես չես հնչեցնում այն մարդու անունն, ով ողջ աղետի պատասխանատուն է՝ ժողովրդից ի՞նչ ես պահանջում։ Հայությունը մշտապես՝ 30 տարի շարունակ, ծառայել է Արցախի շահին։ Չեմ կարծում, որ այս իրավիճակում կա մեկն, ով կարող է ժողովրդից պահանջել ավելին, քան պետք է անի։ Ժողովուրդը պատրաստ է, ընդհուպ, սեփական կյանքը հերթական անգամ զոհաբերել հանուն Արցախի, սրանից ավելի ի՞նչ անի։ Անընդհատ Արցախից լսում ենք, որ պետք է միասնական լինենք և այլն։ Սրանք կենացային տեքստեր են, որ գործողություն չեն դառնում։ Իսկ գործնական քայլին ժողովուրդն ընդառաջ կգնա։

-       Ենթադրենք, այսօր մեկը բարձրանում է բեմահարթակ և տալիս է Նիկոլ Փաշինյանի անունը, դա ի՞նչ կփոխի։

-       Դա պետք է հնչեցվի պետական մակարդակով։ Անկախ ամեն ինչից՝ Արցախը պետություն է, ունի ընտրված իշխանություն։ Պետք է համայն հայությանը դիմելով հնչեցնել այդ անունը և ասել, որ ամեն ինչի պատասխանատուն այդ մարդն է։ Վաղը՝ Բրյուսելյան հերթական հանդիպման ժամանակ, ո՛չ Արցախի հայության անվտանգության հարցն է բարձրացվելու, ո՛չ էլ գերիների։ Հերթական անգամ խոսվելու է Բաքու-Ստեփանակերտ անմիջական բանակցությունների, անկլավների մասին, իսկ Արցախի հարցը երրորդական պլան է մղվելու։ Սա է ամբողջ խնդիրը։ Իսկ եթե Ստեփանակերտում պետությունն ասի, թե կոնկրետ պատասխանտուն ով է, ես վստահ եմ, որ հավաքներն Արցախում կուժեղանան, Երևանում էլ կսկսվի նոր շարժում և 88-ի շարժումը, հնարավոր է, նորից կրկնվի։ Այդ կայծը, մեսիջը պիտի գա Արցախից։ Արցախն ինքը պետք է  ասի՝ հա՛յ ժողովուրդ, օգնի՛ր ինձ՝ ազատվել Նիկոլ Փաշինյանից։ 


Հարցազրույցը՝ Աննա Ավետիսյանի