Foto

Երբ գաղափարներն ու հայրենիքն ավելի վեր են՝ մնացածն անկարևոր է դառնում․ Տիգրան Աթայան

Կապանի Ալ․ Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնն, անկախ ամեն ինչից, շարունակում է ներկայացումներ բեմադրել, պրեմիերաներ կազմակերպել։ Թատրոնը հիմնադրվել է 1935 թ-ին, հետագայում թատրոնի շենքը փակվել է և այն իր գործունեությունը շարունակում է Կապանի կինոյի շենքում։ Թատրոնի ներկայիս տնօրեն՝ Տիգրան Աթայանը, Vesti.am-ի հետ զրույցում ասաց, որ էականորեն տարբեր շենքային պայմաններ են անհրաժեշտ թատրոնի և կինոյի համար։ Իրենք,  դա և շենքային անմխիթար վիճակը հաշվի առնելով, սեփական ուժերով ու միջոցներով նոր շենքի նախագիծ են պատրաստում։

«Կարծում եմ, որ երբ նախագիծը պատրաստ լինի, մենք ոչ մի խոչընդոտի չենք հանդիպի՝ դա իրագործելու և շենքը մեծացնելու հարցում:  Ե՛վ դիմային հատվածում են փոփոխություններ պետք, և՛ ներսում, և՛ հետնամասում, առանձին շենք ենք ուզում կառուցել։ Բանավոր գրեթե բոլոր պայմանավորվածություններն ունենք, և՛ համայնքապետարանի, և՛ մարզպետարանի, և՛ մասնավորի կողմից, ովքեր պատրաստ են թատրոնին ֆինանսական օգնություն ցուցաբերել։ Իրականում շատ բարդ է, երբ դու հյուր ես ունենում կամ հյուրախաղերով այլ թատրոններ են գալիս՝ մեծ կազմերով, իսկ մեր գրիմի սենյակն, օրինակ, շատ նեղ ուղիղ միջանցք է։ Որպես հյուրընկալող կողմ՝ անհարմար իրավիճակ է։ Ինձ համար շատ կարևոր է աշխատակազմի հարմարավետ աշխատանքը, և պիտի դա հասցնեմ մաքսիմալի»,- նշեց թատրոնի տնօրենը։ undefined undefined


Մյուս խնդիրը, որը Տիգրան Աթայանն առաջնային է համարում, մարդկային ռեսուրսն է։ Նեղսրտում է. կապանցին մայրաքաղաքում ուսում ստանալուց հետո հետ չի վերադառնում։

«Դա սխալ եմ համարում։ Իհարկե, նաև հասկանում եմ, որ յուրքանչյուրն իր պատճառը կունենա, բայց միևնույնն է, դա վնասում է Կապան քաղաքին։ Կապանցին արդեն բախտավոր է՝ կապանցի լինելով, և իր պարտքը պետք է ճիշտ ընկալի՝ չի կարելի գնալ և մնալ Երևանում։ Ուսում ստանալուց հետո պետք է գա և իր պարտքը տա»,- կարևորեց Աթայանը և ավելացրեց, որ ամեն ինչ անում է՝ հատկապես դերասանների մոտիվացիան ապահովելու համար։ Եթե մարդիկ մնալու խնդիր ունեն, ապա այդ խնդիրն էլ են կարգավորում։

Թարտրոնի դերասանական կազմը 44-օրյա պատերազմից հետո համալրել է սիրված դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Խորեն Լևոնյանը։ Տնօրենն ասում է՝ ընկերներ են, և Խորենի գնալն իր համար մեծ օգնություն է։

«Կան խնդիրներ, որոնց լուծումները գտնելը կարող էր օրեր և նույնիսկ ամիս տևեր, բայց Խորեն Լևոնյանի ներկայությամբ այն լուծվում է 1 օրում։ Լուծվել են բազմաթիվ  գովազդային հարցեր և այցելությունների խնդիրը։ Սա իր՝ որպես դերասանի, խնդիրը չէ, պարզապես նրա ներկայությունն արդեն բավական է։ Խորենը մեր թատրոնի դերասանն է, ինչն ենթադրում է նաև աշխատավարձ, բայց մեզ մոտ հակառակն է։ Խորենի ամեն ամգամ Կապան գալը, ֆինանսական առումով, ավելի է արժենում իր համար, քան աշխատավարձը։ Թատրոնի համար շատ ֆինանսական ծախսեր անձամբ է հոգում։ Այստեղ խնդիրն այլ է՝ երբ գաղափարներն ու հայրենիքն ավելի վեր են՝ մնացածն անկարևոր է դառնում։ Կապանի թատրոնի ողջ անձնակազմը շատ լավ և մեծ ոգևորությամբ ընդունեց Խորենի մուտքը»,- եզրափակեց Կապանի թատրոնի տնօրեն՝ Տիգրան Աթայանը։

Թատրոնում շուտով նոր պրեմիերա է սպասվում, իսկ թատերաշրջանի այցելություններից չեն դժգոհում։ Հիշեցնում են՝ արվեստի միջոցով շատ խնդիրների մասին կարելի է բարձրաձայնել  և լուծումներ առաջարկել։ Իրենց հետ համամիտ կապանցիներ էլ շատ կան, ովքեր ներկայացումները բաց չեն թողնում։ undefined  undefined

Տարբեր տարիներին թատրոնի խմբի հետ ներկայացումներ են խաղացել՝ Վահրամ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը, Մհեր Մկրտչյանը և հայ բեմի ուրիշ շատ երախտավորներ։ Կապանի թատրոնի հետ համագործակցել են ՀՀ ժողովրդական արտիստներ, պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանը, Գալյա Նովենցը, պրոֆեսոր Ալեքսանդր Քոչարյանը, Գուժ Մանուկյանը, Ռաֆայել Քոթանջյանը, արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանը և այլք։ 1991 թվականին թատրոնը տնօրենի՝ ՀՀ վաստակավոր արտիստ Կամո Արզումանյանի, գլխավորությամբ մասնակցել է Արցախյան պատերազմին։

Հեղինակ: Աննա Ավետիսյան