Foto

Ախուրյանցի Անոյի համար գործ է բացվում

Ինչպես հայտնի է՝ վերջին օրերին արշալույսները խաղաղ չեն Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքում, որտեղ իշխանություններն ամեն միջոց կիրառում են՝ համայնքի ղեկավարից ազատվելու և իշխանափոխություն իրականացնելու համար։ 2021-ին կայացած ընտրության արդյունքում ընդդիմադիր 2 դաշինքների՝ «Ախուրյան» և «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքի միասնությամբ և մեկ մանդատի տարբերությամբ տեղական իշխանություն ձևավորեց և համայնքապետ ընտրվեց Արծրունի Իգիթյանը: Ախուրյանում «Քաղաքացիական պայմանագիրն» արդեն նոր նախաձեռնություն է սկսել և պատրաստվում է առաջիկայում նիստ հրավիրել ու անվստահություն հայտնել 26 տարի համայնքը ղեկավարած Արծրունի Իգիթյանին։ ՔՊ-ն պատրաստվում է Ախուրյանի ղեկավարի պաշտոնում առաջադրել համայնքի բժշկական կենտրոնի ղեկավար Զավեն Մանուկյանին։ Դաշնակցական Արծրունի Իգիթյանին համայնքի ղեկավարի պաշտոնից հեռացնելու համար «ՔՊ» ավագանու անդամաները մեկ ձայն պակաս ունեն, և այդ մեկ անդամ ունենալու հարցում կիրառվում են բոլոր մեթոդները։ Կայքին հայտնի է դարձել, որ, իրենց ցանկալի ավագանու անդամին գործող կազմից «պոկելու» բոլոր փորձերը ձախողելուց հետո, իշխանության ներկայացուցիչները սկսել են շանտաժի ու բացահայտ ահաբեկչության միջոցով ստիպել ավագանու անդամներին՝ դիմում գրել, մինչև իրեց նախընտրելի թեկնածուն դառնա ավագանի, որից հետո միայն հնարավոր կլինի համայնքի ղեկավարի անվստահության գործընթաց սկսել։

Հատկանշական է այն, որ այս ամենը տեղի է ունենում իրավապահ համակարգի լռության ֆոնին, անգամ այն դեպքում, երբ ուղիղ եթերում ընթացող նիստի ժամանակ ավագանու անդամներից մեկն առերևույթ հանցագործություն պարունակող դեպքի հետ կապված հայտարարությամբ էր հանդես եկել։ Մասնավորապես՝ մարզի ԱԱԾ պետի ավագանի եղբայրը ավագանու նիստում հրապարակային հայտարարել է, որ աշխատանքի ընդունելու դիմաց, որպես կաշառք, վերցվել է ոսկյա շղթա։ Համայնքապետն իր հերթին հայտարարել է, թե սա հանցագործության մասին հաղորդագրություն է։ Դեպքից օրեր անց՝ համայնքապետի աշխատասենյակում քաշքշուկ է տեղի ունեցել: Ոմն Արտակ, ով իշխանությունների «տասովչիկն» է համարվում, ներխուժել է համայնքապետի աշխատասենյակ և, վերջինիս քաշքշելով, պահանջել է հրաժարական ներկայացնել, միջադեպը հարթվել է միայն համայնքապետարանի աշխատակիցների միջամտությունից հետո: