Ռուսաստանի հայերի միությունը Մոսկվայի կառավարության աջակցությամբ այս տարի ևս կազմակերպել է ավանդական դարձած «Ծիրանի» փառատոն: Այն տեղի կունենա հուլիսի 16-ին։ Ինչպես և անցած տարիներին, այս տարի նույնպես «Ծիրան-2023 »-ը կնշվի Մոսկվայի ամենամեծ ցուցահանդեսային համալիրում՝ Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի (ВДНХ) ամենագեղեցիկ հրապարակներից մեկում: Միջոցառման ընթացքում կհնչեն Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի հիասքանչ երաժշտությունը, հայկական և այլ ազգային մեղեդիներ։ Լինելու են բազմաթիվ սպորտային, մշակութային միջոցառումներ և հայկական ծիրանի հյուրասիրություն:
«Ծիրան» փառատոնը կազմակերպում է Ռուսաստանի հայերի միությունը՝ սկսած 2005 թվականից: Մոսկվայի օրինակով նմանատիպ փառատոններ են անցկացվում նաև Ռուսաստանի այլ տարածաշրջաններում:









