44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում մի շարք այլ մեղադրանքներից, թերևս, առանցքայինը Նիկոլ Փաշինյանի կողմից Օնիկ Գասպարյանի հասեցին հնչած անուղղակի փաստերն էին, որոնց նա անդրադարձավ և՛ անուղղակի, և՛ ուղղակի ձևով։ Հատկանշական է այն, որ Փաշինյանն իր խոսքում ուղղակիորեն ընդգծեց, որ ԳՇ կողմից տարբեր դրվագներում արձանագրվել են, մեղմ ասած, բացթողումներ։ Նա հնարավոր բոլոր դրվագներում ակնարկում ու վեկտորներն ուղղում էր Գասպարայնի վրա՝ նշելով, թե «ԳՇ-ում եղել են բացթողումներ», իսկ մի դրվագում անգամ ընդգծեց, որ «շատ հաճախ ԳՇ-ն տրմադրել է ոչ ճիշտ տեղեկություն, որն ուղղակիորեն հակասել է Արցախի (իր բառերով ԼՂ-ի) նախագահի տված տեղեկություններին»։ Նիկոլը փաստացի ասում է, որ Գասպարյանը նախ հերքել է Հարությունյանի փոխանցած տեղեկությունը, իսկ մի քանի օրվա կտրվածքով՝ հաստատել։ Ի դեպ՝ Գասպարյանն այն զինվորականներից է, ով չէր մերժել քննիչ հանձնաժողովի հրավերը, եկել՝ և բավական հանգամանալից մանրամասներ էր տրամադրել, սակայն, ինչպես տեսնում ենք, Փաշինյանի համար չկան խոչընդոտներ ու կարմիր գծեր՝ նա հերթով բոլորին «մատաղ» է անում: Ի դեպ, Գասպարյանը նույնպես, ինչպես ցույց են տալիս իրադարձությունների ընթացքն ու հետագիծը, դուրս չի մնալու Նիկոլի ցուցակից ու, պատեհ առիթով, պատասխանատվության կենթարկվի։
Փաշինյանը, իր մի քանի ժամանոց խոսքում, գաղտնազերծեց Գասպարյանի՝ քննիչ հանձնաժողովում ՌԴ ԳՇ պետ Գերասիմովի հետ ունեցած 2020 թվականի հանդիպման մանրամասները՝ փաստացի լյուստրացիայի ենթարկելով հնարավոր պատերազմի վերաբերյալ նրանց ողջ խոսակցությունը, երբ Գերասիմովն ընդգծել է, թե «եթե չսադրեք՝ պատերազմ չի լինի»։ Սա խոսում է այն մասին, որ Փաշինյանի համար չկան տաբուներ, նա պատրաստ է ամենամասնավոր խոսակցությունն անգամ հրապարակել ու հանրայնացնել, միայն իր համար կոմֆորտ լինի, իր գահը՝ չսասանվի։ Ի թիվս այլ մեղադրանքների ու հասեցական քննադատության, Նիկոլը նաև նշում էր, թե 2021-ի փետրվարի 25-ին ԳՇ հայտնի հայտարարությունը պարտադրված է եղել «դրսից»: Այսինքն, Օնիկ Գասպարյանն, ըստ Փաշինյանի, կատարել է արտաքին հրահանգ (տվյալ դեպքում ակնարկելով ՌԴ գործոնը), իսկ զինվորականները ստորագրել են այդ հայտարարության տակ, քանի որ «պագոնի տակ» են եղել և, զինվորական սուբորդինացիայից ելնելով, ստիպված են գնացել այդ քային։
Փաշինյանի «կրակոցներին» Գասպարյանի արձագանքը բավական մեղմ էր ու անատամ։ Նա
իր երկար տեքստում փորձում է արդարանալ, ներկայացնում է առանձին դրվագներ, նշում, թե
ինքը կատարել է իրեն վերապահված բոլոր գործողությունները, համապատասխան պատշաճ կարգով
ներկայացրել է ստեղծված իրավիճակն ու համապատասխան վերլուծությունները։ Գասպարյանի
տեքստից երևում է, որ նա ներկայացրել է պատերազմի վտանգ, անգամ
կոնկրետ օրվա մասին է նշվել, սակայն համապատասխան գործողություններ փաստացի չի
իրականացվել։ Այդքանից հետո, եթե ՀՀ-ում դեռևս կային իրենց բուն
պարտականություններն իրականացնող իրավապահ համակարգի տարրեր, պարտավոր էին միանգամից
ձերբակալել Փաշինյանին՝ պաշտոնական անգործություն դրսևորելու և համապատասխան
քայլեր չիրականացնելու համար: Բայց վերջին 5-ամյակի դառը փորձը հաստատվեց նաև
այս անգամ, և ամեն ինչ անցավ լռության մթնոլորտում։
Գեներալի հայտարարությունից հետո ԱԽ-ն հայտարարություն տարածեց, թե «Գասպարյանն իր հայտարարության մեջ խեղաթյուրել է 2020 թվականի օգոստոսի 14-ի ԱԽ նիստի ընթացքում իր հնչեցրած զեկույցը․ ԶՈւ-ն չի կարողացել ապահովել ԱԽ նիստում ստանձնած «առկա ուժերով ու միջոցներով «ոչ մի քայլ հետ» սկզբունքով հակառակորդի հարձակումը հետ մղելու, ձախողելու և նրա խմբավորումները ջախջախելու» ԱԽ առաջ ստանձնած պարտավորությունը և խոստումը»: Ըստ էության՝ ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ Գասպարյանը պետք է թույլատրելիության սահմանում արձագանքի հրապարակայնորեն իր անվանն առնչվող պատերազմական դրվագների մասին իշխանական գաղտնազերծումներին․ տվյալ դեպքում խոսքը Շուշիի հետ գրավման հակահարվածի հայտնի օպերացիայի մասին է կամ, ասենք, ի՞նչ կարգադրություն է տվել սեպտեմբերի 25-ին, երբ պատերազմի մասին հստակ տեղեկություն է ստացվել: Արդյո՞ք պաշտպանության չանցնելու քաղաքական հրահանգ է եղել, քանի որ սրա պատասխանատվությունը ևս Փաշինյանն ամբողջապես ԳՇ պետի վրա է դնում:
Կասկածից
վեր է, որ չնայած Գասպարյանի բարյացկամությանը՝ համագործակցել քննիչ հանձնաժողովի
աշխատանքներին, տրամադրել փաստեր ու հայտարարություններ անել, շատ քիչ հավանական է, որ Նիկոլը նրան չի կալանավորի և, ինչպես այսօր դատում է մի
շարք հայտնի գեներալների, Գասպարյանին ևս չի կանգնեցնի նրանց կողքին։
Արմեն
Հովասափյան









