Foto

Երեք հարցի շուրջ համաձայնության գալ չի հաջողվել. ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել

Հայաստանի ու Ադրբեջանի դիրքորոշումները մի քանի առանցքային հարցերի շուրջ պահանջում են հետագա աշխատանք: «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը։

Նրա խոսքով՝ երեք հիմնական հարցերի շուրջ է աշխատանք պահանջվում` Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման, զորքերի հետքաշման և Բաքու- Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի ձևավորման ուղղությամբ։

ՀՀ արտաքին գերատեսչությունից այլ հարցերի վերաբերյալ մեկնաբանություն չտրվեց։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 27-29-ը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Վաշինգտոնյան բանակցությունների արդյունքում հայտարարել էին «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի շրջանակներում առաջընթացի շարունակության ու մի քանի այլ հոդվածների մասով ձեռք բերված համաձայնության մասին։

Վաշինգտոնում ԱԳ նախարարները հանդիպել էին նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ: