Foto

Պատերազմից խուսափելու տեսական հնարավորության պայմանը ԼՂ հարցի հայկական տեսլականից հրաժարվելն էր․ Փաշինյան

Անհնար էր պատերազմական կոնվեյերը կանգնեցնել, եթե մենք չպետք է հրաժարվեինք ԼՂ-ն Ադրբեջանի կազմից դուրս լինելու տեսլականից: 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովում այսպիսի հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք այդ պահին կարող էինք ասել՝ մենք հրաժարվում ենք ԼՂ-ն Ադրբեջանի կազմից դուրս տեսնելու տեսլականից եւ գնայինք այդ ճանապարհով, որը, իհարկե, չի երաշխավորում, որ պատերազմից հնարավոր կլիներ խուսափել»,- հայտարարեց նա։

Այս համատեքստում, Փաշինյանը, իր բնորոշմամբ, պատերազմական միգծանի կոնվեյերից անցում կատարեց պատերազմական բանակցային բովանդակության խաչմերուկներին։ Ըստ նրա՝ այդ խաչմերուկներից մեկը Բերձորի միջանցքի հետ կապված ճշգրտումներն էին, որոնք, ըստ նրա, Կազանում ևս ճշգրտված չէին, իսկ հետագայում ավելի պակաս էին ճշգրտված։

«Պատերազմի հաջորդ խաչմերուկը ԼՂ-ի, այսպես ասած, հայ եւ ադրբեջանական համայնքների ներգրավման գործընթացն է։ Պատերազմի հաջորդ խաչմերուկը դելիմիտացիայի եւ դեմակրացիայի հնարավոր գործընթացն էր խաղաղության պայմանագրի: Այսինքն, ես չեմ ասում, որ պատերազմից խուսափելու տեսական հնարավորություն չկար, բայց այդ հնարավորության համար պարտադիր պայման էր ԼՂ հարցի կարգավորման հայկական տեսլականից հրաժարվելը»,-ասաց Փաշինյանը:

Արձանագրենք, որ պատերազմը ոչ միայն տեղի է ունեցել ամենադաժան հետեւանքներով, այլ նաեւ Նիկոլ Փաշինյանը իշխանությունը հայտարարում է, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում։ Հետեւապես հարց է առաջանում՝ եթե պատրաստ էր Արցախի անկախացումից ու ինքնորոշումից հրաժարվել, ինչու դա չէր անում մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 27-ը, արդյոք կրկին մտավախություն ուներ, որ իրեն դավաճան կասեն, ուստի պետք էր պատերազմը՝ իր հազարավոր զոհերով, նման որակումից խուսափելու համար։