Խաղողի բուժիչ հատկությունները հայտնի են հնագույն ժամանակներից։ Մուգ գույնի չամիչը պահպանում է խաղողի գրեթե բոլոր բուժիչ հատկությունները և օգտակար նյութերը։ Գիտնականները խորհուրդ են տալիս օգտագործել խաղողի մուգ տեսակներից ստացված չամիչը հիպերտոնիայի, սրտի իշեմիկ հիվանդության, աթերոսկլերոզի, հոդատապի, արյան շրջանառության խանգարման դեպքում։
Որպես օժանդակ միջոց` չամիչը կիրառվում է երիկամների և մակերիկամների, լյարդի որոշ հիվանդությունների բուժման ընթացքում, բրոնխների ասթմայի, թոքաբորբի, աղեստամոքսային համակարգի քրոնիկ հիվանդությունների դեպքում` որպես կանխարգելիչ միջոց։ Չամիչը կիրառվում է նաև նյութերի փոխանակության խանգարման և մաշկային հիվանդությունների բուժման ընթացքում։ Կարմիր գույն ունեցող խաղողի տեսակները և դրանցից ստացված չամիչն ավելացնում են արյան մեջ պարունակվող բարձր խտություն ունեցող լիպոպրոտեինների, այսինքն, այսպես կոչված, «լավ» խոլեստերինի քանակությունը և միաժամանակ իջեցնում` ցածր խտություն ունեցող «վատ» խոլեստերինի մակարդակը։
Չամիչը պարունակում է այնպիսի մի շերտ, որը կլանում է մեծ քանակի հեղուկ, ինչի շնորհիվ նպաստում է մարսողության լավացմանը։
Չամիչը ուռչելով աղիներում` նվազեցնում է ախորժակը, ինչը կանխարգելում է գիրությունը։ Խորհուրդ է տրվում ուտել չամիչը հետևյալ ձևով. առաջին օրը կերեք չամիչի 40 հատիկ, նախաճաշից կես ժամ առաջ։ Յուրաքանչյուր հաջորդ օրերին կերեք մեկական հատիկ պակաս, երբ քանակը հասնի 1-ի` կրկին ավելացրեք հատիկների քանակը` հասցնելով այն մինչև 40-ի։









