Foto

Մինչև միջազգային կառույցները պատժամիջոցներ չկիրառեն՝ Ալիևը երեք մատի կոմբինացիա է ցույց տալու նրանց բոլորին․ Զոհրաբյան

ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Լաչինի միջանցքով ազատ անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը և խորհրդատվությունները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը: Թեմայի վերաբերյալ Vesti.am զրուցել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության նախկին անդամ Նաիրա Զոհրաբյանի հետ։

-          Տիկի՛ն Զոհրաբյան, ինչպե՞ս եք գնահատում ԵԽԽՎ երեկ ընդունված բանաձևը և  ի՞նչ կտա այն Հայաստանին ու Արցախին։

-          Եվրոպառլամենտի հայտարարությունները շատ ավելի կոշտ են իրենց գնահատականներով, քան ԵԽԽՎ-ինը։ Մենք ստացանք հերթական էմոցիոնալ «ֆասթ ֆուդը»։ 9 օր Արցախի հումանիտար միջանցքը փակ է։ Երեկ զրուցել եմ արցախցիների հետ։ Անգամ կտրոնով վաճառվող շաքարավազը և ձեթն այլևս չկա, ծիրանի 1 կգ 3000 դրամ է։ Դեղատներում դեղորայքի դեֆիցիտ կա, ասթմա հիվանդություն ունեցող երեխաների համար հատուկ դեղորայք չկա, 200 հիվանդ ունի շտապ Հայաստան տեղափոխվելու խնդիր և այլն։


 Կարևոր է դատապարտող հայտարարությունները, բայց բացի դրանից եվրոպական կառույցները պարտավոր են իրենց ընթացակարգերին համապատասխան սանկցիոն լծակներ կիրառել։ Հարց եմ ուղղում Բորելին՝ Արցախում 120 000 մարդ մատնվում է սովի, որից 30  000-ը երեխա, ինչու
՞ չեք խզում գազային պայմանագիրն Ադրբեջանի հետ։ ԵԽԽՎ-ին դիմելով հարցնում եմ՝ ինչու՞ չեք սանկցիա կիրառում ադրբեջանական պատվիրակության նկատմամբ։ Նվազագույնն՝ ադրբեջանական պատվիրությանը զրկեք ձայնի իրավունքից, այնպես, ինչպես ՌԴ-ի պատվիրակության հետ եք վարվում։ Ստրասբուրգում ես մասնակցել եմ քննարակման, թե ի՞նչ անեն, որ չվնասվի կապկաններում հայտնված եղջերուն, հիմա խոսքը 120 000 մարդու մասին է։ Այդ հայտարարությունները սենտիմենտալ են, եթե նրանց չեն հետևելու պատժամիջոցներ։

-          Մեր արտաքին գերատեսչությունն ինչպե՞ս կարող է օգտագործել այդ կոշտ հայատարարությունը։

-          Մենք արտաքին գերատեսչություն չունենք։ Այն թուրքական գերատեսչության սպասարկուն է, իրենց որևէ մեկը բանի տեղ չի դնում։ Չեմ ասում չեն ուզում, պարզապես՝ չեն կարող։ Այսօր Հայաստանը չունի դիվանագիտություն։ Սա Հայաստանի դիվանագիտության ամենաամոթալի էջն է, միայն թե տեսնեք, ովքեր են այսօր նշանակված դեսպաններ։

-          Խորհրդարանը ևս ունի նման հանձնաժողով։ Ի՞նչ անելիք ունի խորհրդարանական դիվանագիտությունը և նախկինում Ձեր ղեկավարած ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովը։

-          Որևէ մեկն իրենց չի խանգարում, որ ինչ-որ բան անեն։  Ես 15 տարի եղել եմ Եվրոպայի խորհրդի պատգամավոր և մենք հակահայ բանաձևեր ենք կարողացել կասեցնել, ադրբեջանական «լվացքատան» բացահայտողներից մեկն եղել է նաև  հայկական պատվիրակությունը։ Բնավ կապ չուներ իշխանական թե ընդդիմադիր՝ մենք կռիվ էինք տալիս։ Այս Խորհրդարանը համարում են պրոֆեսիոնալ առումով ամենաթույլ և ամենավատորակ խորհրդարանն, ուստի հույս ունենալ խորհրդարանական դիվանագիտությունից, անօգուտ է։ Կոչ եմ անում նաև ՀՀ լոբինգով զբաղվող օտարերկյա ներկայացուցիչներին։ Օրինակ՝ ԱՄՆ կոնգրեսականներն ընտրվում են նաև հայ համայնքի ձայների հաշվին և պետք է ամեն ինչ անեն, որ պատժամիջոցներ կիրառվի։

-          ԵԽԽՎ-ն կոչ է անում Ադրբեջանին անհապաղ վերականգնել էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումը և հայերի հետ համաձայնեցնել հայկական, ոչ թե՝ ադրբեջանական տարածքով անցնող գազի և էլեկտրացանցի մատակարարման նոր երթուղին: Կարո՞ղ ենք մտավախություն ունենալ, որ Ադրբեջանն Արցախին կպարտադրի գազ և էլեկտրաէներգիա գնել իրենից։

-          Այո, Ադրբեջանին մենք տվել ենք բոլոր լծակները՝ ժամանակին Լաչինից չտեղափոխելով բարձրավոլտ կայանները։ Ձմռանն Ադրբեջանը նորից անցնելու է գազի և էլեկտրաէներգիայի ընդհատումներին։ Դա  անելու է անընդատ, եթե մինչ այժմ Նիկոլ Փաշինյանը չկնքի վերջնական պայմանագիր, որով Արցախը պաշտոնապես և դե յուրե, ինչպես նշված է Պրահայի հռչակագրում չդառնա Ադրբեջանի մաս։ Մինչև ՄԱԿ-ը պատժամիջոցներ չկիրառի՝ Ալիևը երեք մատի կոմբինացիա է ցույց տալու եվրոպական բոլոր կառույցներին։


Հեղինակ: Աննա Ավետիսյան