Foto

Ոսպը կանխարգելվում ուռուցքների զարգացումը

Ոսպը հնագույն մշակաբույսերից մեկն է։Հին հայերը իմացել են ոսպի բուժիչ հատկությունների մասին, ժողովրդական բժշկության հարուստ փորձը մեզ է հասել միջնադարի հայ բժշկապետի միջոցով։ Հին Հռոմում ոսպը օգտագործել են ստամոքսի եւ նյարդային հիվանդությունների բուժման համար։ Վաղուց ի վեր նկատել են, որ ոսպի կանոնավոր օգտագործումը հանգստացնում է նյարդերը։ Ռուսաստանում բույսի պատրաստուկներով բուժել են ծաղկախտը։ Սերմի եփուկը օգտագործել են փորկապության, երիկամաքարային, լյարդի հիվանդությունների դեպքում։ Տրորած սերմի եփուկով բուժել են լուծը։

Ա. Ամասիացին առաջարկում է օգտագործել շուտ եփվող համեղ ոսպի եփուկը. «Օգնում է դիֆթերիայի, կոկորդի եւ ականջի խոցերի, ականջացավի դեպքում։ Եթե թրջոց դրվի, կօգնի աչքի եւ կոկորդի ուռածության դեպքում։ Կբուժի գլխի խոցերը, եթե խառնեն մեղրի հետ եւ քսեն գլխին։ Փափկացնում է կուրծքը, բուժում է մրսածությունը եւ անց է կացնում կոկորդի չորանալը։ Տարրալուծում է կրծքագեղձի ուռուցքը, որն առաջացել է կաթի առատությունից։ Եթե եփեն քացախի հետ եւ ուտեն, կներծծի ստամոքսի դեղին մաղձը եւ ջուրը։ Ոսպն օժտված է ամրացնող հատկությամբ, եփուկի ջուրը թուլացնում է փորը։ Օգնում է ցրտից առաջացած ճաքերի դեպքում։ Չափավորում է արյան ջերմը։ Եթե ջերախյուս պատրաստվի եւ դրվի ցրտի պատճառով ցավող ոսկորներին, կօգնի։ Բայց ոսպը մթագնում է աչքերը եւ աղիներում գազեր է առաջացնում։ Եթե ոսպի հետ եփեն բազուկի կամ եղերդակի սերմեր եւ ջուրը խմեն, կդադարեցնի լուծը։ Եթե եփեն քացախի եւ խակ խաղողի հյութի հետ, կանցկացնի մաշկի վրա գոյացած բշտիկները»։

Հայկական ժողովրդական բժշկությունը առաջարկում է ոսպը զարկերակային ճնշման բարձրացման, աչքի սպիտակափառության, լյարդի հիվանդությունների, ջրգողության դեպքում։

Դիետոլոգները ամփոփելով տարբեր երկրներում կատարված ուսումնասիրությունները` կազմել են այն մթերքների ցուցակը, որոնք օգնում են ժամանակակից մարդուն խուսափելու դեպրեսիայից, սթրեսներից եւ պարգեւում երկարակեցություն։ Այս ցուցակի մեջ են մտնում ոսպը, ցորենի հացը, հնդկացորենից պատրաստված ճապոնական արիշտան, բրինձը, սպիտակ պանիրները, կարմիր կծու պղպեղը, կարմիր լոբին, լոլիկի մածուկը եւ աջիգան, սխտորը, կաթնաշոռը` մեղրի հետ, կիտրոնը, շամպինիոնը, ավոկադոյի եւ սառը զտման ձիթապտղի յուղերը, մածունը, սոյայի սոուսը, պաքսիմատը, ցորենի թեփով պատրաստված մթերքը, ընկուզեղենը եւ այլն։

Խորհուրդ է տրվում ավելացնել ոսպը մսի կոտլետի մեջ։ Այս դեպքում օրգանիզմը կստանա բավարար քանակի արժեքավոր ամինաթթուներով հագեցած սպիտակուց եւ նվազ քանակով ճարպեր։ Խորհուրդ չի տրվում ուտել հացի, կարտոֆիլի, ընկուզեղենի հետ։

Ոսպի սննդարար արժեքը բավականին բարձր է` 35 տոկոս սպիտակուցներ, 50 տոկոս ածխաջրեր, 2,5 տոկոս ճարպեր։ Հում մթերքի կալորիականությունը 340 կկալ է, եփելու ընթացքում այն կարող է նվազել մինչեւ 105 կկալ։

Բույսի սերմը պարունակում է բջջանյութ եւ պեկտին, ինչի շնորհիվ կարգավորվում է աղեստամոքսային համակարգը, դուրս են բերվում վնասակար նյութերը, կանխարգելվում ուռուցքների զարգացումը։ Ապա շատ կարեւոր է, որ ոսպը գրեթե անխոցելի է բնապահպանական տեսակետից, այն չի կուտակում նիտրատներ, զանազան այլ թունավոր նյութեր, ռադիոնուկլիդներ։ Ոսպը պարունակում է նույն զանգվածի մեջ ավելի շատ երկաթ, քան տավարի միսը եւ այլ լոբազգիները (համապատասխանորեն` 4 եւ 1,5 անգամ), որի շնորհիվ օգտակար է սակավարյունության դեպքում։ Պարունակում է նաեւ պղինձ, մարգանեց, ցինկ, կալիում, մագնիում, ֆոսֆոր։ Հայտնի է, որ ցինկը եւ ֆոսֆորը օգտակար են տղամարդկանց, հատկապես, եթե ոսպը պատրաստված է սոխով եւ լոլիկի մածուկով կամ քարավուզով։

Ոսպը հարուստ է ֆլավոնոիդներով, որոնք իջեցնում են խոլեստերինի քանակը արյան մեջ։ Պարունակում է B խմբի գրեթե բոլոր վիտամինները։

Կան իզոֆլավոններ, որոնց ազդեցությունը համարժեք է կանացի հորմոններին, որի շնորհիվ կանխարգելվում են կանացի հիվանդությունները։ Կարեւոր է իմանալ, որ խորհուրդ է տրվում ուտել տարեկան առնվազն 2-3 կգ ոսպ եւ ոչ ավելի հաճախ, քան շաբաթը 2 անգամ։