Foto

Բոլոր նախադրյալները կան, մնում է կամքը

Նախօրեին, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում, Նիկոլ Փաշինյանը ինքնախոստովանական ցուցմունք հիշեցնող մի երկար ճառ կարդաց՝ փորձելով ինքնամաքրվել ու հանրությանը հերթական կեղծ օրակարգը հրամցնել։ Նա հանգամանալից, իրեն բնորոշ դեմագոգիայով ճառեր էր ասում Արցախյան բանակցային գործընթացից ու փորձում թիրախավորել երեք նախկին նախագահներին, որովհետև բուն ասելիքը հենց երեք նախագահների բանակցած փաստաթղթերի ու գործընթացների առանձին դրվագներից էր:

Այո՛, Նիկոլի վախերի գագաթնակետում հենց նախկին նախագահներն են, քանի որ նրանց փաստարկումներն ու խոսքը մտահոգիչ ու ահագնացող են իր համար։ Նրանց կերպարից է, որ մթագնում է փաշինյանական բանականությունը (եթե իհարկե դրա սաղմերը գոյություն ունեն)։ Նախագահների ամենափոքր դիտարկումը, որն առնչվում է օրվա իշխանության վարքագծին, Նիկոլի ու նրա խմբի մոտ մեծ վայնասունի առիթ է դառնում։

Այս փուլում նախագահների ինքնադրսևորումը, նրանց կողմից ցուցադրված վարքագիծը կարևոր է, քանի որ ստեղծված իրավիճակում Նիկոլի հեռացման հարցը նույնացվում է պետականության ու պետության գոյության խնդրի հետ։ Հենց դրանով պայմանավորված՝ առանցքային է անձնական ամբիցիաներն ու շահերը մի կողմը դնելը և ընդհանուր ձևաչափով նոր օրակարգ ներկայացնելը։ Նախագահների դիրքորոշումն առանցքային է նաև այն առամով, որ մեծ է նրանց ներդրումն ու վաստակը պետականության կյանքում, ուստի անհրաժեշտ է տեր կանգնել հենց սեփական ձեռքբերումներին, չթողնել, որ դրանք փոշիանան ազգային պատուհասի ձեռքով։ Միայն քննադատական խոսքը բավարար չէ, անհրաժեշտ է միասնական օրակարգ և այդ օրակարգը հայկականության ու պետականության ապագայի մասին է: Նիկոլն ընդամենը կարող է հանդիսանալ այդ կոնսոլիդացիայի կատալիզատորը։ Գուցե հենց այդ ժամանակ մենք արժևորենք ու վերագնահատենք նախագահների իրական դերակատարումը ՀՀ կյանքում։

Այստեղ կարևոր է առանձնացնել մի առանցքային դետալ ևս շատ էական է, որ նախագահների ասելիքը լինի միմյանց փոխլրացնող ու համընդհանուր, իրենց ասելիքն ընդունվի որպես բոլորի կողմից ասված խոսք՝ ընդհանուր բանաձևմամբ: Հենց դա կարող է լինել անդառնալիության կետից հետհաշվարկի սկիզբը։ Ցավոք մի այդպիսի հնարավորություն մենք բաց թողեցինք, թեև նոր փորձի հնարավորությունը չի բացառվում:

Վերջում մի հետաքրքրիր փաստ ԱՄՆ նախագահներն ունեն մի բարի ավանդույթ՝ ամեն տարի այդ երկրի գործող և  պաշտոնաթող նախագահները միասին լուսանկարվում են՝ այդ կերպ ևս մեկ անգամ վերահաստատելով, որ գոյություն ունի պետության շարունակականություն։ ԱՄՆ նախագահները դրանով մեսիջ են հղում հասարակությանը՝ ապացուցելով, որ իրենք ընդամենն ընտրված մարդիկ են, իսկ ամենակարևոր և բարձրագույն արժեքը պետական շահն է, պետությունը՝ որպես ինստիտուտ։ Այլ կերպ ասած՝ փոխվում են միայն մարդիկ, իսկ արժեքներն ու ինստիտուտները մնում են անփոփոխ։

Մեր դեպքում՝ երեք նախագահները պետք է համախմբվեն ու ջնջեն Փաշինյանի կառավարման ժամանակաշրջանը Հայաստանի ու հայ ժողովրդի պատմությունից: Իրենք դրա համար բոլոր հնարավորություններն ու մոտիվացիան ունեն, մնում է կամքը:

Արմեն Հովասափյան