Foto

«Ժողովրդավարության բաստիոնի» ավերակները


Հայաստանի, իբր, համաշխարհային ժողովրդավարության բաստիոնի մասին պատմությունները վաղուց արդեն անդերսենյան և ուայլդյան իրողություններ են։ Նիկոլ Փաշինյանն իր համար ստեղծել էր ծուռ հայելիների մի իրականություն և փորձում էր հանրային տիրույթում տիրաժավորել այն գաղափարը, որ Հայաստանի միջազգային բրենդը՝ դա «2018-ից հետո այստեղ հաստատված ժողովրդավարությունն է»: Դա, իրհարկե, աբսուրդից բացի, այլ բնորոշում չունի։ Բանն այն է, որ անգամ նման աբսուրդիզմի պարագայում չկարողացան պահպանել ձևականության պարամետրերը և շատ արագ պայթեց այդ փուչիկը ևս։

Այն, ինչ կատարվում է Հայաստանում, դասական լիբերալ ֆաշիզմ է, որի գաղափարակիրները պահանջում են պետության կարգավորիչ դերի նվազում, իսկ այն պետությունները, որոնք դիմադրում են այդ գործընթացին, հռչակում են բռնապետական և այնտեղ կազմակերպվում ու իրականացվում են «հեղափոխություններ», սակայն իրենց երկրներում պետության միջամտությունը քաղաքացու կյանքում շարունակում է մնալ բարձր կարգավիճակում: Լիբերալ ֆաշիստներն այլակարծության նկատմամբ իրենց անհանդուրժողականությամբ չափազանց նման են հիտլերյան նացիստներին և Մուսոլինիի ֆաշիստներին։ Հայտնի ճշմարտություն է, որ քաղաքական գործիչներն, ըստ էության, քաղաքական փիլիսոփաների մտքի առաջնային սպառողներն ու քաղաքական տեսության կիրառողներն են, իսկ երբեմն էլ՝ քաղաքական փիլիսոփայության սպեկուլյանտներըԱվելին, քաղաքական բիզնեսով զբաղվող անձը վերցնում է քաղաքական փիլիսոփաներից որևէ մեկի աշխատությունները, ընտրողաբար ներկայացնում է հանրությանն այդ աշխատություններից այն տողերը, որոնք հաստատում են իր իրավացիությունը: Ռեալ պոլիտիկում այս կամ այն քաղաքական գործչին խորապես հասկանալու համար անհրաժեշտ է առաջին հերթին պարզել, թե քաղաքական որ գաղափարախոսության հետևորդն է նա: Ի դեպ՝ ժամանակին Պլատոնն ասում է, որ քաղաքակրթության լավագույն վիճակը պահպանողական կառավարման մոդելն է: Ավելի ճիշտ՝ պետությունը պետք է ձգտի կառավարման լավագույն ձևին՝ ապահովելով իր բնակիչների համար արդարությունը: Ըստ նրա՝ պետությունն իր շարունակականության մեջ պետք է ձգտի կոնսերվացնել ամեն տեսակ լավ երևույթներ, որոնք նախկինում կիրառվել են և ձգտի ձեռքբերել ու, հետևաբար, ևս կոնսերվացնել նոր երևույթներ ու ամենակարևորը՝ պետության ֆունկցիան պահպանելն է:

Այս օրերին ՀՀ ներսում տեսնում ենք, թե ինչպես են օրը ցերեկով ոստիկանության բաժնում փաստաբանների ծեծում, ձեռնաշղթաներ անցկացնում և ձերբակալում, միաժամանակ, առանց որևէ լուրջ իրավական հիմքերի, շոուներ պատրաստում և ձերբակալում քաղաքական ընդդիմախոսներին։ Ըստ էության՝ այսօր Հայաստանը քաղբանտարկյալների թվով համաշխարհային առաջատարների շարքում է, որտեղ մարդիկ անազատության մեջ են՝ բացառապես քաղաքական այլակարծության պատճառով։ Բանը հասել է նրան, որ փաստաբաններն են բողոքի ցույց անցկացնում և տեղի ունեցած ապօրինությունների մասին բարձրաձայնում ԵՄ դեսպանատան դիմաց։

Ի դեպ՝ այսօր մամուլում տեղեկատվություն տարածվեց, որ թե՛ փաստաբանների երթը, թե՛ Արմեն Աշոտյանի կալանավորումը բավական լուրջ արձագանք է ստացել միջազգային հարթակներում։ Ավելին, այս իրադարձությունները ԵԽԽՎ-ում և միջազգային մի քանի այլ կառույցներում լուրջ քննարկման առիթ են դարձել, և նշված թեմաների վերաբերյալ սպասվում են հայտարարություններ, որտեղ եվրոպացիները պատրաստվում են հանգամանալից ներկայացնել իրենց մոտեցումները՝ տեղի ունեցող հակաժողովրդավարական գործընթացների վերաբերյալ։ Վերջում նաև հավելենք, որ օրեր առաջ էլ Դատավորների եվրոպական միությունն էր բավական կոշտ հայտարարություն տարածել՝ մտահոգություն հայտնելով ՀՀ դատական համակարգում տիրող վիճակի հետ կապված և դատապարտելով ԲԴԽ-ի ու Արդարադատության նախարարության գործունեության մի շարք դրվագներ:

Արմեն Հովասափյան