Foto

Պատերազմում՝ «խաբված», խաղաղության մեջ՝ «մոլորված»

Մոտ երկու շաբաթ հանրային հնարավոր բոլոր հարթակներում խոսվում էր Նիկոլ Փաշինյանի՝ 44-օրյա քննիչ հանձնաժողով գնալու փաստի մասին։ Թեմայի անոնսը Մոլդովայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ անձամբ արեց Փաշինյանն՝ ընդգծելով, որ հանձնաժողովի նիստն ուղիղ հեռարձակվելու է: Այս ողջ գործընթացի ինտրիգն ու շահագրգռվածությունը թեմայի դռնբաց լինելն էր, քանի որ Փաշինյանն ակնարկել էր, թե «սենսացիոն» հայտարարություններ ու նոր բացահայտումներ է ներկայացնելու։ Այսօր տեղի ունեցավ այդ «պատմական» նիստը և Փաշինյանը երեքուկես ժամ խոսեց։ Այո, հենց խոսեց, քանզի իրականում ոչ մի նորություն և փաստական «ցնցող» ու «աննախադեպ» ոչինչ չկար նրա ասածի մեջ։ Ներկայացվող տեքստը նույնաբովանդակ էր, առանձնապես չէր տարբերվում վերջին մեկ տարվա ընթացքում նրա կոմից քանիցս ԱԺ-ում և այլ ֆորմատով տիրաժավորված տեքստերից։

Եթե հակիրճ անդրադառնանք բուն ասելիքին՝ դա հետևյալն էր «պատերազմի հետ ես ոչ մի կապ չունեմ», «իմ ձեռքից եկածն արել եմ, ինձանից կախված ամեն իչ արել եմ՝ նման ելք չլինելու համար», «պատերազմն եղավ, քանի որ Ղարաբաղի հարցը լուծված չէր», «ԳՇ-ն ինձ խաբել ու ճիշտ չի զեկուցել իրավիճակը», «բոլորը մեղավոր են», «բանակցություններում ձեզ խաբել են՝ բանակցել են մի բան, ներկայացրել՝ այլ»։ Մի խոսքով՝ այն խոսույթը, որը վերջին մեկ տարվա ընթացքում տարածում են Նիկոլն ու իր խմբակը։ Այստեղ տրամաբանական հարցերի շարք է առաջանում, որոնց պատասխանները, վստահաբար, մենք չենք ստանա, քանի որ դրանք Փաշինյանի կողմից մանիպուլացվում են։ Ամենաառաջին հարցը հենց նույն ԳՇ թեմայի հետ ուղղակի ասոցացվող դրվագն է, երբ, ըստ Նիկոլի, իրեն 8-10 անգամ դեզինֆորմացիա են տվել, թե պատերազմի դաշտում ամեն ինչ վերահսկվում է և նորմալ վիճակում է, սակայն եղել է լրիվ հակառակը: Նույն Փաշինյանը շնչակտուր մեդլաներ ու կոչումներ էր շռայլում գեներալիտետին, գովասանքի խոսքեր ասում։ Նրա խոսքից առերեսվում ենք ևս մեկ հակասական դետալի ըստ Փաշինյանի՝ Շուշիի հետ կապված ամբողջովին հակառակ պատկերն է եղել և նոյեմբերի 9-ի առավոտյան ինքը փաստաթուղթ է ստրագրել, սակայն ֆեյսբուքում հերթ չտալով գրում էր, թե «Շուշիում մարտերը շարունակվում են»։ Այսինքն ստացվում է, Փաշինյանը մի կողմից ասում է, որ նոյմեբերի 7-ին Շուշին գտնվում էր ադրբեջանական վերահսկողության տակ, բայց գրում էր, թե մարտերը շարունակվում են։ Սա է փաշինյանական գործելաոճի իրական դեմքը, երբ անգամ մի տեքստում տրամաբանորեն իրեն հակասող մի ամբողջ տրցակ է գեներացնում։

Տեղի ուենցածի առանցքային կետերից մեկն էլ վերաբվերվում էր Արցախի բանակցային գործընթացին և «կուլիսային» բացահայտումներին, որին բացի «սեփական մարազմատիկ երևակայության արգասիք»՝ այլ բնորոշում տալ հնարավոր չէ, քանի որ ընդամենը «եթե»-ների տիրույթում մատուցվող պնդումներ են։ Այս առումով հիմնական մեխը բանակցությունների տապալվածության ու ամբողջովին գլխիվայր շուռ տալու մեղքը բարդելն է նախկինում բանակցված փաթեթների վրա, որ իրեն, իբր, պարտված ու չբանակցված ժառանգություն է թողնվել։

Ըստ էության՝ Փաշինյանի կողմից բեմադրված էժան շոուն ունի մեկ նպատակ ու առաքելություն։ ՀՀ համար առանցքային նշանակություն և ճակատագրական այս փուլում հանրության համար հարկավոր են նոր տեսարաններ և «սերիալային» մի նախագիծ, որը փայլուն ներկայացվեց քննիչ հանձնաժողով կոչված ցեխում, որտեղ բոլորն ականջները թառած վայելում էին նիկոլական ստերի ու կեղծիքների հերթական չափաբաժինը և, «մեծարգո վարչապետ» ասելով, ինքնահաստատվում։ Կակսկածից վեր է, որ առաջիկայում նոր արհավիրքի սպառնալիքը կախված է օդում և Նիկոլին պետք է սեփական վարկանիշի ու ինքնամաքրման մի ձևաչափ, որտեղ կարող է խոսել իր հետ, իսկ հանրությունն անկյունից ծափ կտա։ 

Արմեն Հովասափյան