Foto

Պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ պետական պարտքը գերազանցել է 32 տրլն դոլարը

Այս շաբաթ ԱՄՆ պետական պարտքը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 32 տրլն դոլարը, վկայում են ուրբաթ երկրի ֆինանսների նախարարության հրապարակած տվյալները։

Այդ շեմը ձեռք է բերվել այն բանից երկու շաբաթ հետո, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է օրենք մինչեւ 2024թ. վերջը պարտքի սահմանաչափը դադարեցնելու մասին։

Չնայած Սպիտակ տունը եւ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քեւին Մակքարտիի բանակցողները պայմանավորվել էին հաջորդ տասնամյակում 1,5 տրլն դոլարով ծախսերը կրճատելու մասին, Ամերիկայի համախառն պետական պարտքը դեռ կգերազանցի, ըստ կանխատեսումների, 50 տրլն դոլարը մինչեւ 2033թ., գրել է New York Post-ը։

«Մեր բախտը բերել է, որ խուսափեցինք դեֆոլտից, բայց ավելի մեծ խնդիր է այն, որ մենք շարունակում ենք անտեսել աճող պարտքը»,- ուրբաթ ասել է Փիթեր Գ. Փետերսոնի ֆոնդի (հասարակական կազմակերպություն, որն զբաղվում է ֆինանսական հարցերով) գլխավոր տնօրեն Մայքլ Փետերսոնը։

«Այժմ, երբ մենք անցնում ենք 32 տրլն դոլարի նիշը, եւ դրա վերջը չի երեւում, արդեն վաղուց ժամանակն է զբաղվել մեր պարտքի հիմնարար պատճառներով, որոնք են ծախսերի պարտադիր աճը եւ բավականաչափ եկամուտների բացակայությունը դրանք ֆինանսավորելու համար»,- նշել է Փետերսոնը։

32 տրլն դոլարի շեմը հատվել էր ինը տարի առաջ, քան կանխատեսվում էր մինչեւ քովիդի համավարակը, հիմնականում արտակարգ ծախսերի շնորհիվ։

Սպասվում է, որ Դաշնային պահուստային համակարգի տոկոսադրույքի բարձրացումն անցած տարվանից հանգեցնում է այն բանին, որ պետական պարտքի տոկոսավճարները կդառնան ավել թանկ, քան եղել են տասնամյակներ շարունակ։

Փետերսոնի ֆոնդը կանխատեսում է, որ  առանց ԱՄՆ պետական ծախսերում էական փոփոխությունների «հաջորդ 30 տարիների ընթացքում պարտքը կարող է հասնել 127 տրլն դոլարի»։ 2053թ. բոլոր դաշնային եկամուտների մոտ 40 տոկոսը կծախսվի միայն տոկոսները վճարելու համար։