ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պատժվում է իր քաղաքական գործունեության համար: Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, ՔԿ-ի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, Մարդու իրավունքների եւ անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:
Նշենք, որ այսօր իրավապահները ձերբակալել են ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին՝ իր նկատմամբ ընտրված խափանման միջոցը խախտելու համար, նաեւ առաջիկայում նրան կալանավորելու մասին միջնորդություն կներկայացվի դատարան:
«Աշոտյանը Նիկոլ Փաշինյանի իշխանության ամենասուր քննադատն է եւ ամենասուր քննադատն է հայրենիքը հանձնող այն իշխանության նկատմամբ, որոնք անթաքույց ներկայացնում են իրենց ծրագրերը»,- ասաց Թագուհի Թովմասյանը:
Թովմասյանի խոսքով՝ այդ քրեական գործը երկար տարիների պատմություն ունեն. «Հեղափոխությունից հետո այս գործը սկսվել է քննվել: Տարիներ շարունակ տարբեր առիթներով այս քրեական գործի հիմքերն են փոխվել, փորձ է արվել տարբեր կողմերից մոտենալ գործին, որպեսզի հնարավոր լինի պատժել Աշոտյանին, բայց մինչեւ օրս չի հաջողվել: Ստացվում է, որ այն, ինչը ՀՔԾ-ն չէր կարողանում հիմնավորել, հիմա ՔԿ-ն է որոշել կալանավորել քաղաքական գործիչ Արմեն Աշոտյանին: Կարծում եմ՝ սա երկար կյանք չի կարող ունենալ, բայց այն, որ մենք կունենանք քաղբանտարկյալ, եւ ժողովրդավար երկրում կլինի քաղբանտարկյալ, դա միանշանակ է»:









