Վերջին մի քանի
օրերին ադրբեջանական տարբեր տեղեկատվական հարթակներ տեսանյութեր են տարածում, թե ինչպես
են արցախցիները տարբեր խմբերով՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ դուրս գալիս Արցախից՝
Բերձորում ադրբեջանցիների կողմից ապօրինաբար տեղադրված հսկիչ անցակետով։ Ավելին՝ ադրբեջանցիները
հրապարակած տեսանյութերին փորձում են հանրային հնչեղություն տալ, ինչպես նաև միջազգային
արենայում ցույց տալ թե ինչքան «մարդասիրական» վերաբերմունք ունեն իբրև իրենց քաղաքացիների՝
արցախահայերի նկատմամբ և որքան «բարեհամբյուր ու հանդուրժողական» են։
Ըստ էության՝
սա Ադրբեջանին բնորոշ հերթական մանիպուլյատիվ հնարքն է, որով նրանք փորձում են նախ
առաջին հերթին լեգիտիմացնել հսկիչ անցակետը, որով փաստացի ներկայացնում են իրենց փաստթղթերը
և անցնում դեպի ՀՀ տարածք։ Ստացվում է, որ անկախ այն հանգամանքից, որ ՀՀ փորձագիտական
և քաղաքական շրջանակներից խոսվում է այդ անցակետի հակաօրինական լինելու փաստից, որ
այն չի համապատասխանում նոյեմբերի 9-ի փաստաթղթի կետերին՝ Ալիևն իր խաղը տանում է առաջ։
Աներկբա է, որ
այս երևույթն իր մեջ խորքային բավական մեծ ռիսկեր է պարունակում, քանի որ նման քայլերով
Ադրբեջանն իր համար լուծում է մի քանի էական խնդիրներ։ Նախ, թույլ տալով արցախցիներին
առանց որևէ միջադեպերի լքել Արցախը Ալիևը կարգավորում է իր համար թիվ մեկ հարցը՝ հայաթափում
է Արցախը։ Երկրոդ՝ անցակետով բոլոր մարդիկ իդենտիֆիկացվում են, այսինքն ադրբեջանցիների
մոտ գոյություն ունեցող բազայում ֆիքսում են, թե ովքեր են անցնում՝ գրանցումն ու անձնական
տվյալներն ամրագրելով։ Ադրբեջանի համար տվյալ փուլում ամենաառանցքային դրվագը Արցախյան
պատերազմների մասնակից բարձրաստիճան զինվորականության ու Արցախի իրավապահ համակարգում
ծառայող անձանց ֆիքսելն է, տրամաբանությունը հուշում է՝ ինչ-որ փուլում չի բացառվում,
որ նրանք գնան ավելի կոշտ մեթոդների։
Ներկայումս տեղեկություններ
են շրջանառվում, որ օրերս տեղի ունեցած մի քանի
դրվագներում եղել են «համակարգի» աշխատողներ, որոնց ադրբեջանական կողմն ուղղակի
թույլ չի տվել հատել անցակետը։ Հատկանշական է, որ անցակետում բավական հետաքրքիր տակտիկա
է կիրառվում՝ մասնավորապես ադրբեջանցի
«հսկիչները» արցախցիներին «մտերմաբար» հորդորում են անցակետով անցնել առանց խաղաղապահների
ուղեկցության՝ սեփական փոխադրամիջոցներով և «անհոգ» լինել։
Այս գործընթացի PR-ով Ադրբեջանը փորձում է միջազգային հանրության
վրա «ծախել» իր «մեծահոգությունը» և հրմարեցնել այն «կուտը», թե «իր հայ բնակչության»
հետ կապված որևէ խնդիր չկա, նրանք շրջափակման մեջ չեն և կարող են «ազատ» տեղաշարժվել։
Ստեղծված իրավիճակն անկառավարելի ու բավական ռիսկային է դառնում,
քանի որ համապատասխան դիրքորոշումներ ու արձագանքներ չկան ոչ հայաստանյան, ոչ Արցախի
իշխանությունների կողմից, որոնք փաստացի կրավորական կեցվածք են դրսևորում և այս ամենին
իներտ են վերաբերվում։ Իսկ Ադրբեջանը քայլ-քայլ մոտենում է իր բաղձալի երազանքին՝
«Արցախն առանց հայերի» պատմական առաքելության իրագործմանը։
Արմեն Հովասափյան









