Կառավարության որոշումներով մի շարք ընկերություններ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվեն մաքսատուրքից ազատման արտոնությունից:
«Լեքս տոբակո քոմփանի» ՍՊԸ-ն ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել ծխախոտի արտադրության համար։ Ընկերությունը նախատեսում է թողարկված արտադրանքի 90% և ավելի արտահանել ԵԱՏՄ և երրորդ երկրներ։ Ծրագրի շրջանակում կիրականացվի 2.9 մլրդ դրամի կապիտալ ներդրում և 24 մլրդ դրամի ներդրում՝ հումքի ձեռքբերման համար։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 128 նոր աշխատատեղ՝ մինչև 280 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 24 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1.2 մլրդ դրամ:
«ԱՍԷԴԼ» ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել դռների և պատուհանների, ֆասադային կոնստրուկցիաների արտադրության համար։ Ընկերությունը նախատեսում է թողարկված արտադրանքն արտահանել ԵՄ և ԱՄՆ։ Ընկերությունն արդեն իսկ իրականացրել է 50 մլն դրամի ներդրում, ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 1 մլրդ դրամի ներդրում շինարարական աշխատանքների իրականացման և հումքի ձեռքբերման համար։ Ներդրումային ծրագրի շրջանակում կստեղծվի 68 նոր աշխատատեղ՝ մինչև 220 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 10 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1.1 մլրդ դրամ:
«Վոլյում գրուպ» ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել աշխատանքային ձեռնոցների արտադրության համար։ Ընկերությունը նախատեսում է թողարկված արտադրանքը իրացնել ՀՀ տարածքում։ Արտադրությունն իրականացվելու է Արթիկ քաղաքում։ Արդեն իսկ իրականացվել է 300 մլն դրամի ներդրում, կիրականացվի ևս 662 մլն դրամի ներդրում՝ հումքի ձեռքբերման համար, կստեղծվի 4 նոր աշխատատեղ՝ մինչև 101 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 662 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 30 մլն դրամ:
«Նյուպլաստ» ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել կաթիլային ոռոգման համակարգերի արտադրության համար։ Ծրագրի շրջանակում նախատեսում է իրականացնել 4.2 մլրդ դրամի ներդրում ցանկում ներկայացված ապրանքների ձեռքբերման համար։ Արդյունքում կստեղծվի 20 նոր աշխատատեղ՝ մինչև 420 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 4.2 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 273 մլն դրամ:









