Foto

«Խաղաղության» անտեր գործընթացը

Նախորդ շաբաթ իր մի քանի ժամ տևած հերթական մամուլի ասուլիսի ու հակասական մտքերի տարափի ընթացքում Նիկոլ Փաշինյանը շարունակեց հանրությանը «նախապատրաստել» սպասվող, այսպես կոչված, «խաղաղության համաձայնագրի» պայմաններին՝ կրկին անվստահություն հայտնելով, որ խաղաղությունը կհաջողվի, թեև ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Արցախը (իր բառերով ասած՝ Լեռնային Ղարաբաղը)։ Թերևս, առաջին անգամն էր, երբ Փաշինյանը հայտարարեց, որ իր կողմից ճանաչած Ադրբեջանի 86600 քկմ տարածքի մեջ մտնում է նաև Արցախը, սակայն կրկին խոսեց ինչ-որ անհասկանալի Բաքու-Ստեփանակերտ անիրական երկխոսության և Արցախի ժողովրդի անվտանգության ու իրավունքների վերաբերյալ։ Չնայած սրան՝ զուգահեռաբար խոստովանեց, որ Ադրբեջանն իրականացնում է էթնիկ զտման քաղաքականություն։ Փաշինյանի անընդհատ միմյանց հակասող մտքերը, դրանց վրա հիմնված որոշումները նոր տագնապալի զարգացումների կանխատեսումների առիթ են տալիս։ Ավելին, ասուլիսի ընթացքում նաև հստակեցվեց, որ, Հայաստան-Ադրբեջան «խաղաղության գործընթացն» անտեր է, փաստացի չունի որևէ միջազգային երաշխավոր։ Փաշինյանն անընդհատ զիջումների անում է, սակայն որևէ ուղղությամբ չունի վստահություն, որ լինելու է արդյունք։ Այդ մասին նա ուղիղ խոստովանում է, սակայն շարունակում է գնալ այդ օրակարգի ուղղությամբ։

Հարց է առաջանում, թե այդ ինչպե՞ս է ստացվում, որ չկան, ասենք արևմտյան երաշխավորներ, ում գործողությունները քանիցս դրական է գնահատել ՀՀ իշխանությունները և անձամբ Փաշինյանը։ Այն երաշխիքներից, որոնք տասնամյակներ շարունակ տրամադրել են Հայաստանին Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը, դժգոհ է միայն Փաշինյանը, բայց «խաղում» է Արևմուտքում, թեև այնտեղից նույնիսկ երաշխավորության խոստում չունի, սակայն բավարարվում և համակերպվում է այդ իրավիճակի հետ, ավելին՝ շարժվում այդ ուղղությամբ։ Ինչո՞ւ: Մյուս կողմից՝ ակնհայտ էր, որ ԵՄ-ն դա չի անելու, ԱՄՆ-ը երկար ժամանակ չարձագանքեց ՀՀ հորդորներին, և Հայաստանի հույսն այն է, որ ինչ-որ փաստաթղթի ստորագրումից հետո Արևմուտքը «տեր կկանգնի» դրան։ Ի դեպ՝ անհասկանալի է, թե ինչ մեխանիզմներ պետք է լինեն, քանի որ այդ երաշխիքները վաղուց կարող էին լինել, սակայն դրանց պատասխանատվությունից խուսափում են, միաժամանակ ամեն միջոց արվում է, որ ՌԴ-ն հարավկովկասյան տարածաշրջանից դուրս շպրտվի։

Հանուն արդարության պետք է խոստովանել, որ երաշխավորների բացակայությունն աշխարհում առկա խորը տուրբուլենտության հետևանք է, հենց այդ պատճառով նաև ՌԴ-ն այսօր այլ դիրքերում է, Արևմուտքը չի շտապում տալ խոստումներ, ազդեցության գոտիները վերջնական բաժանված չեն։ Զուգահեռաբար՝ Արևմուտքը չի ցանկանում մեծ ջանքեր թափել, նախընտրում է, որպեսզի կողմերն իրենք, ինչպես կարողանում են, լուծեն իրենց հարցերը, և գուցե հետո Արևմուտքն իսկապես որոշի տեր կանգնել այդ իրավիճակին՝ առանց այն անձամբ ձևավորելու։

Արմեն Հովասափյան