ՀՀ յուրաքանչյուր
բանական քաղաքացի, ով ունի ադեկվատ տրամաբանություն, Նիկոլ Փաշինյանի ցանկացած հրապարակային
խոսքից հետո հետտրավմատիկ թերապիայի կարիք է զգում։ Աներկբա է, որ նորմալ
մարդկանց համար անհնար է առանց հոգեկան ցնցումների ժամեր շարունակ լսել ստի, կեղծիքի,
մանիպուլյացիաների այն չափաբաժինները, որ կրկեսային ժանգլյորի վարպետությամբ մատուցում
է Փաշինյանն ԱԺ ամբիոնից կամ կառավարության շենքից։
Խնդիրը
միայն Փաշինյանի հայտարարություններում ստի չափից ավելի առկայությունը չէ, որն այս
կամ այն չափով բնորոշ է շատ քաղաքական գործիչների, ոչ էլ՝ անգամ մանիպուլյացիան, ինչը
կրկին կարելի է հանդիպել նաև մյուսների մոտ։ Նիկոլը հանրությանը ներկայացնում է այնպիսի մտքեր, պնդումներ,
մեղադրանքներ, որոնք առողջ բանականություն ունեցող մարդն ուղղակի չի կարող ընդունել։
Դիցուկ, երբ նա խոսում է՝ Հայաստանի «կադաստրի վկայականի» մասին, հայտարարում է, թե «բոլոր իշխանությունները Ղարաբաղը ճանաչել են Ադրբեջանի կազմում», կամ «Ալմա Աթայի հռչակագրով ամեն ինչ կանխորոշվել է», և այդպես շարունակ բռնաբարում է լսողի բանականությունը, որովհետև նրա պնդումները՝ դուրս լինելով միջազգային իրավունքի տարրական նորմերից, մազաչափ անգամ չհամապատասխանելով ՀՀ պատմությանը, չունենալով որևէ փաստական ապացույց, դիմացինին հանում են բանականության, դատողականության հարթությունից՝ լավագույն դեպքում մղելով դեպի հուզական տիրույթ, որտեղ միակ մխիթարանքը որևէ գործառույթ չունեցող հայհոյանքն է կամ անեծքը։ Իրականում Փաշինյանը պայքարում է ոչ միայն պետության, պետականության, հայկականության, Արցախի, այլև առողջ բանականության դեմ։ Իսկ ավելի հավանական է, որ վերջինը՝ բանականության դեմ նրա պայքարը, նպատակ ունի հանրությանը զրկել պետության ու պետականության, հայկականության ու Արցախի դեմ վարվող նրա քաղաքականության դեմ պայքարելու հնարավորությունից։ Առողջ բանականություն ունեցող մարդկանց հետ հակաբանական լեզվով խոսակցությունը վերջիններիս զրկում է փաստական ապացույցներով, հակադարձումներով պատասխանելու հնարավորությունից՝ այն պարզ պատճառով, որ դա ուղղակի անհնար է։
Բանականության դեմ պայքարողն
այդպիսով նպատակ ունի ընդդիմախոսներին դուրս դնել ռացիոնալ տիրույթից և բերել էմոցիոնալ,
հուզական դաշտ, որտեղ ինքն անպարտելի է, քանի որ այդ դաշտում հաղթանակի գրավականը ոչ
թե միտքն է ու ինտելեկտը, այլ ստի, կեղծիքի, մանիպուլյացիայի հնարավորինս լավ փաթեթավորումն
ու մատուցումը։
Ժամանակակից հոգեբանության
մեջ գոյություն ունեցող պաշտպանական մեխանիզմների բազմաթիվ տեսակներից Նիկոլ Փաշինյանի
սինդրոմին մոտ է այն, ինչն անվանվում է «Փախուստ՝ վիրտուալ իրականություն»: Այն
իրականության սուբյեկտիվ մոդել է, միջանկյալ իրականություն, որի միջոցով մարդը հաղթահարում
է ներհոգեկան, ընտանեկան, միջանձնային կոնֆլիկտները, պաշտպանվում է տագնապից, խնդիրներից,
լարվածությունից, անհաջողություններից առաջացած անհարմարավետությունից: Ժամանակին Փաշինյանի՝ սոցցանցային
գերակտիվ կյանքը, իսկ հիմա՝ սոցցանցերում հսկայական ռեսուրսների ծախսումն ու վիրտուալ
բանակների միջոցով այդ տիրույթում իր համար ցանկալի իրականության կերտումը կարելի է
վերագրել նրա կողմից պաշտպանական հենց այս մեխանիզմին։
Արմեն Հովասափյան









