Foto

Ալիևը սեղմում է Փաշինյանի վզին դրած պարանը

Ընդամենն օրեր առաջ Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը կոչ էր անում սպասել ՀՀ խորհրդարանում «խաղաղության պայմանագրի» քվեարկությանը, որպեսզի ժողովուրդն իմանա, թե ովքեր են համաձայն Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում: Բայց, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ: Երեկ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Արցախի խորհրդարանը պետք է լուծարվի, իսկ նախագահ Արայիկ Հարությունյանը, որի անունը նույնիսկ չհնչեցրեց, պետք է հանձնվի: Միայն այդ դեպքում է համաձայն նրանց նկատմամբ ներողամիտ լինել:

Բազմաթիվ անգամներ առիթ եմ ունեցել կարծիք հայտնելու, որ «խաղաղության պայմանագիր» ասվածը կարող է լինել ոչ թե Նիկոլ Փքաշինյանի ստորագրությամբ ինչ-որ փաստաթուղթ, որի հիման վրա կձևավորվեն հայ-ադրբեջանական կամ հայ-թուրքական հետագա հարաբերությունները, այլ Հայաստանի իշխանություններն, հընթացս բանակցությունների, Հայաստանի ու Արցախի շուրջ «կերտում» են մի ստատուս քվո, որն անդառնալի կդարձնի հայկական կողմի գլոբալ կապիտուլյացիան ու մենք մեր երկիրը և պետականությունը պահելու համար ստիպված կլինենք համաձայնել ցանկացած ադրբեջանամետ պայմանագրի: Այսինքն, ոչ թե իրադրությունը կբխի պայմանագրից, այլ պայմանագրը՝ իրադրությունից: Այդպես եղավ 2020-ի նոյեմբերի 9-ին, Կովսականից զորքերի դուրս բերման, Սև լճի և հաջորդող բոլոր դեպքերի ժամանակ

Ալիևը բացահայտ սպառնում է, իբրև իր երկիրն ի զորու է տարածաշրջանում ցանկացած հարց լուծել, նա կարողացավ հասնել Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությանը՝ որպես անհարմար բանակցող, նա կարողացավ անցակետ դնել Տեղ գյուղի մոտ, կարողացավ «անկլավների» հարցը մտցնել բանակցությունների օրակարգ, Փաշինյանին ճանաչել է տվել Ադրբեջանի 86 600 քառ. կմ-ն՝ Արցախով ու հայկական 8 գյուղերով հանդերձ: Հիմա օրակարգ է բերում Արցախում իշխանության ցանկացած դրսևորման օրինականության ու դրանց լիազորությունների հարցը՝ մինչ Նիկոլ Փաշինյանը «Ստեփանակերտ-Բաքու» ուղիղ բանակցությունների համար միջազգային երաշխիքներ ու միջնորդություն է փնտրում: Մի «տարօրինակ» պատահականությամբ՝ դա արվում է Քիշնևում բանակցային ռաունդից մի քանի օր առաջ, որտեղ Փաշինյանը հուս ունի արձանագրել գոնե առկա ստատուս քվոն: Նա փորձում է համոզել Հայաստանի ներքին լսարանին, որ «խաղաղությունը» շատ մոտ է: Բայց Ալիևը հերթական անգամ սեղմում է Փաշինյանի վզին դրած պարանը, որովհետև համոզված է, որ նա, հանուն իր իշխանության, համաձայն է ցանկացած զիջման:

Այս տրամաբանությամբ՝ Արցախում մոտ ապագայում կարող է նույնիսկ խորհրդարան կամ պետականության որևէ ատրիբուտ չմնա, որ պատմության համար ազգանուններ հավաքեն, մեղավորներ ու արդարներ փնտրեն: Հարցը կարող է Հայաստանի խորհրդարան հասնել այնպիսի տեսքով կամ պայմաններում, որ դրան կողմ քվեարկողները նույնիսկ «հերոսացվեն», ինչին հիմա տանում են Փաշինյանն ու իր քաղաքական թիմը:

 

Հեղինակ: Էդուարդ Սարիբեկյան