Foto

Շատ ժամանակ չունենք, դանակը վաղուց հասել է ոսկորին. Իշխան Սաղաթելյան

Այո, նոր Սարդարապատ լինելու է, և այդ Սարդարապատում մենք հաղթելու ենք, - Հայաստանի առաջին հանրապետության օրվան նվիրված միջոցառմանը հայտարարել է ՀՅԴ Հայաստանի ԳՆ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Պետականության վերականգնման 105-ամյակին նվիրված միջոցառումն այս տարի կրել է «Տեր ենք մեր հայրենիքին» խորագիրը, որը տեղի է ունեցել Արամ Մանուկյանի արձանի մոտ:

Իշխան Սաղաթելյանը արձանագրել է, որ այսօր կրկին կանգնած ենք գոյութենական ընտրության առջև. Արցախի մի մասը գտնվում է թշնամու հսկողության տակ, շրջափակված է, թշնամին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում։

«Օրվա իշխանությունը մեր ժողովորդի դիմադրությունը, հայրենիքի պաշտպանությունը կազմակերպելու, Հայաստանի քաղաքացիների անվտանգությունը ապահովելու փոխարեն առաջարկում է հանձնվել և ընդունել թշնամու պայմանները։ Մենք մերժում ենք այդ ճանապարհը, դա ինքնաոչնչացման ճանապարհ է։ Մենք այլընտրանք չունենք, մեր ընտրությունը ապրելու, կամ ցեղասպանվելու միջեւ է,մենք ընտրում ենք արժանապատիվ եւ ուժեղ օրակարգը»,-ասել է նա ու ավելացրել, որ Հայ Հեղափոխական Դաշնակցությունն իր բոլոր ուժերով ու միջոցներով պայքարելու է մինչև վերջին շունչը, մեր ժողովրդին ոտքի է հանելու և առաջնորդելու է պայքարը` ներքին ու արտաքին թշնամուն երկրից դուրս վռնդելու համար։

«Հայաստանի իշխանության ղեկին հայտնված խմբակը չի արտահայտում հայ ժողովրդի կամքը։ Հանձնվելու օրակարգը մեր ժողովրդի օրակարգը չէ, հետևաբար, հայ ժողովուրդը պայքարելու է իր հայրենիքի համար, և ցանկացած փաստաթուղթ, որն ընդունվելու է այս իշխանությունների կողմից, որով Ացախը լինելու է Ադրբեջանի կազմում, առ ոչինչ է, լեգիտիմություն չունի, և մեր ժողովուրդը դա չի ընդունելու։

«Ջրբաժանը հստակ է․ ջրբաժանի մի կողմում մարդիկ են, ովքեր պատրաստ են պայքարել հայրենիքի համար, ում համար մեր հայրենիքի յուրաքանչուր թիզ սուրբ է և պատրաստ են անձնազոհությամբ պահել և պաշտպանել այն, իսկ ջրբաժանի մյուս կողմում իրենց երկրում տնվորի կարգավիճակով ապրող այս իշխանություններն են, ովքեր իրենց հայրենիքի համար «կադաստրի վկայական» են աղերսում թշնամուց, ովքեր իրենց հայրենիքում ապրելու իրավունքն աղերսում են թշնամուց», - ընդգծել է գործիչն ու ավելացրել. «Ջրբաժանը հստակ է․ կամ օրվա իշխանության վարած օրակարգի, այսինքն՝ հանձնվելու և ստրկության ճանապարհն է, կամ պայքարի»։

«Ես հստակ ասում եմ՝ շատ ժամանակ չունենք, դանակը վաղուց հասել է ոսկորին։ Օրվա իշխանությունը շատ հստակ հրապարակել է երկիրը հանձնելու ճանապարհային քարտեզը և ժամանակացույցը», - նշել է Սաղաթելյանը: