Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից հայտնի է դառնում, որ Հայաստանից արտահանումն այս տարի ավելի քան կրկնապատկվել է: Մասնավորապես, անցած տարվա առաջին եռամսյակում արտահանվել էր 735 մլն, իսկ այս տարի արտահանվել է գրեթե 1,7 մլրդ դոլարի ապրանք՝ աճը հասնում է 2,3 անգամի։ Ինչ խոսք՝ այս աճը, անկախ ամեն ինչից, ձեռնտու է Հայաստանին, սակայն, որքան արտահանումն անգամներով ավելանում է, այնքան ավելանում են կասկածները՝ պատժամիջոցները շրջանցելու հետ կապված, և այնքան ավելի ենք մոտենում պատժամիջոցների տակ հայտնվելու վտանգին։ Գաղտնիք չէ, որ Հայաստանից արտահանումների, նաև ներմուծումների ավելացումները գերազանցապես Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների արդյունք են։ Արտահանումների հսկայական աճ է տեղի ունեցել հատկապես ռուսական շուկա։ Այլ պարագայում ՀՀ իշխանությունները պարզապես կերազեին ՌԴ հետ ունենալ արտաքին առևտրի դրական հաշվեկշիռ, բայց այսօր հենց այդ վիճակն է։ Ստացվել է այնպես, որ ավելի շատ արտահանում ենք Ռուսաստան, քան ներմուծում ենք Ռուսաստանից։ Նշենք, որ մինչև հակամարտությունն ու պատժամիջոցները՝ հակառակն էր։ Միայն Ռուսաստան՝ 4,5 անգամ ավելի շատ արտահանում է իրականացվել, քան ԵՄ բոլոր երկրները՝ միասին։
Սա այն սպեցիֆիկ փոփոխությունն է, որ տեղի է ունեցել Հայաստանի արտահանման կառուցվածքում վերջին մեկ տարվա ընթացքում։ Եթե սա լիներ մեր տնտեսության ու տեղական արտադրության ապրանքների մատակարարումների և ոչ թե պարզ վերարտահանումների ու առևտրային հոսքերի սպասարկման կամ լոգիստիկ սխեմաների փոփոխության հաշվին, անշուշտ, կարելի էր մեծագույն հաջողություն համարել։ Արտահանման ու ներմուծումների աճերը ոչ մի առնչություն չունեն մեր տնտեսության հետ, ավելին՝ դրանք սպառնալիք են ստեղծել տնտեսության համար։
Այստեղ մի կարևոր արձանագրում անենք. օրերս Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է, որ նախատեսվում է ընդլայնել արգելված ապրանքների ցանկը, որոնք Ռուսաստան են մտնում երրորդ երկրների միջոցով։ Սպասվում են հերթական պատժամիջոցները, որոնք ուղղված են լինելու երրորդ երկրների կողմից պատժամիջոցները շրջանցելով՝ դեպի ՌԴ արտահանումներ իրականացնելու դեմ։ Բացի դրանից՝ ԵՄ-ն այս առիթով նախատեսում է ստեղծել նոր գործիքներ, որոնք պետք է կանխարգելիչ դեր կատարեն և թույլ չտան երրորդ երկրներին շրջանցել պատժամիջոցները։ ԵՄ պաշտոնյան չի բացառել, որ հնարավոր է՝ պատժամիջոցներ կիրառվեն եվրոպական այն ապրանքների արտահանումների դեմ, որոնք գնում են երրորդ երկրներ, իսկ հետո հայտնվում են Ռուսաստանում՝ հանգեցնելով անսովոր առևտրային հոսքերի աճի։ Նման խնդիր են իրենց առաջ դրել նաև «Յոթնյակի» (G7) երկրները, որոնք ծրագրում են խստացնել Ռուսաստանի նկատմամբ պահանջները, ու կրկին՝ վերարտահանումների հետ կապված։ Նոր սահմանափակումներն ուղղված կլինեն երրորդ երկրների դեմ, որոնք օժանդակում են պատժամիջոցներից խուսափելուն։ Ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ ուղղակի կամ անուղղակի, դրան մասնակից է նաև Հայաստանը, ու չնայած Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ պատժամիջոցները կարմիր գիծ են Հայաստանի համար, միշտ չէ, որ այդ կարմիր գծերը պահպանվում են։ Այդ է վկայում նաև այն, որ հայկական գրանցում ունեցող որոշ ընկերություններ արդեն իսկ պատժամիջոցների տակ են։ Ի դեպ՝ չի բացառվում, որ առաջիկայում այդ ցանկը կարող է նոր համալրումներ ստանալ, որովհետև Հայաստանը դարձել է ռուսական շուկայի հիմնական մատակարարներից մեկը։
Ունենք բավական հետաքրքիր իրավիճակ․ իր քաղաքական ողջ գործունեության ընթացքում ԵԱՏՄ-ն ՀՀ համար չարիք ներկայացրած Փաշինյանն այսօր իր համար կոնֆորտ հարթակ է ստացել նույն ԵԱՏՄ-ում ու ամենօրյա ռեժիմով տնտեսական աճեր է ապահովում՝ սեփական քաղաքական վարկանիշը հանրության վրա ծախելու նպատակով։ Միաժամանակ, յուրատեսակ շանտաժի հարթակ է ապահովել, որպեսզի իր քաղաքական գինը բարձրացնի «հյուսիսում»։ Դա իշխանությունը պահելու գործիքներից մեկն է:
Արմեն Հովասափյան









