Թբիլիսիի օդանավակայանում վրացի ոստիկանները ձերբակալել են ԱՄՆ-ի և Ուզբեկստանի քաղաքացու, որին ԱՄՆ-ի Դաշնային հետաքննությունների բյուրոն (ՀԴԲ) որոնում էր ահաբեկչական կազմակերպությունների գործունեությանը աջակցելու համար, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն։
Վրաստանի ՆԳՆ-ի տվյալներով՝ ամերիկյան իրավապահ մարմինները ձերբակալվածին մեղադրում են ԱՄՆ-ում օտարերկրյա ահաբեկչական կազմակերպության ֆինանսական աջակցության համար ցանց ստեղծելու մեջ։
Ինչպես պնդում են ամերիկյան իշխանությունները, այս խմբավորման ղեկավարը և մասնակիցները նյութատեխնիկական և ֆինանսական օգնություն էին ցուցաբերում Սիրիայի ահաբեկչական կազմակերպություններին, այդ թվում՝ «Իսլամական պետությանը»։ Բացի այդ, ձերբակալվածը, իբր, մարդկանց կոչ էր անում մեկնել Սիրիա՝ մարտական գործողություններին մասնակցելու համար, և նրանց օգնություն էր առաջարկում։
Ձերբակալվածի նկատմամբ սկսվել են օրենսդրությամբ նախատեսված արտահանձնման ընթացակարգերը։









