«Ոմանք իշխանության ներսում շարունակում էին պնդել, որ հանձնման հարց իրականում չկա։ Հիմա, երբ առավել քան երբևէ, Փաշինյանը պարզ ու հստակ հայտարարում է, որ պատրաստ է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում, իսկ ավելի վաղ էլ ընդգծում, որ չի վիրավորվում, երբ իրեն դավաճան են ասում իրավիճակն շատ ավելի վատ բնույթ է ստանում»,- այս ասին խորհրդարանում հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա նշեց, որ իշխանական թիմից ցանկացած ներկայացուցիչ՝ պատգամավոր , նախարար, առհասարակ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձ, իշխանության քաղաքական քարոզչության կամ մեկ այլ դաշտ սպասարկող դեմք, պետք է ընտրություն կատարի։
«Մեկ բան է քաղաքական կոլեկտիվ պատասխանատվության տակ մտնելը, մեկ այլ բան անհատապես գիտակցելը, որ պատմության մեջ ես մտնում , որպես անձ, ով իր համաձայնությունն է տվել Արցախի հանձնմանը։ Կարևոր չէ՝ այս ամբիոնից իշխանությունն ինչ ձևով կպաշտպանվի, ով ինչ ջանասիրությամբ կկիսի այս խարանը, սակայն պետք է գիտակցեք, որ դուք , կամ ձեզանից ոմանք ընտրություն կատարելու հնարավորություն դեռևս ունեք։ Հիշեք՝ ոստիկանությամբ քննիչներով, դատախազներով, դատավորներով կամ ուղղակի գնդակահարությամբ կարող եք ժամանակ ձգել, սակայն պատմությունը սրբագրելու և հանձնողի խարանը ջնջելու հնարավորություն չեք ունենալու։ Կանգնեք ու կանգնեցրեք ձեր առաջնորդին, որ մի քանի տարի առաջ բոլորին համոզում էր, որ «Արցախը Հայաստան է ու վերջ»։ Գործեք, քանի դեռ ուշ չէ,հակառակ դեպքում, այս դաժան քաղաքական որոշման հետևանքն ու ծանր դատավճիռն անընդհատ հետապնդելու է ձեզ և ձեր սերունդներին»,- եզրափակեց Աբրահամյանը։