Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի
անդրադարձը մայիսի 22-ին մամուլի ասուլիսի ընթացքում Փաշինյանի կատարած հայտարարություններին
Թողնել սեփական
ժողովրդին Ալիևի ռեժիմի քմահաճությանը, ով բազմիցս հաստատել է հայերի նկատմամբ իր ցեղասպան
քաղաքականությունը, ոչ միայն անբարոյականություն է, այլև հակասում է Հայաստանի Սահմանադրությանը,
որի հիմքը, ինչպես նշված է նրա նախաբանում, Հայաստանի անկախության հռչակագիրն է,
որը հիմնված է, այդ թվում, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի
Ազգային խորհրդի 1989 թվականի դեկտեմբերի 1-ի համատեղ հայտարարության վրա:
Ցանկացած պայմանագիր,
որը կժխտի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, հակասում է երկրի Հիմնական օրենքին,
այսինքն՝ իրավական ուժ չի կարող ունենալ:
Հանձնելով Արցախը՝
Փաշինյանը հանձնում է նաև Հայաստանը և Սփյուռքը, արժեզրկում է իրեն, իր ընտանիքը, իր
ավանդական արժեքներն ու սովորույթները հարգող յուրաքանչյուր հայի, ով հպարտանում է
իր ժողովրդի հերոսական պատմությամբ: Այդ պատմությունը գրվել է ոչ միայն մեծ գիտնականների,
մշակույթի, արվեստի ու սպորտի գործիչների կողմից, այլև մեր քաջարի զինվորների արյամբ,
ովքեր վերջին 3 տասնամյակում իրենց կյանքն են տվել հանուն Հայաստանի և Արցախի անկախության:
Հայաստանում
տեղի ունեցող իրադարձությունները, սկսած 2018 թվականից, ուղղված են ոչ միայն Ռուսաստանի,
այլև հայերի ու ողջ հայկականության դուրս մղմանը Հայաստանից ու տարածաշրջանից: Որտե՞ղ
են այսօր Ադրբեջանական ԽՍՀ կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության երբեմնի
մեծամասնություն կազմող հայերը: Որտե՞ղ են մեր նախնիների այնտեղ թողնված գերեզմանները:
Որտե՞ղ են Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության՝ Ադրբեջանին անցած շրջանների
հայերը: Որտեղ են հայերը, որոնց ստեղծարար աշխատանքի շնորհիվ տասնամյակներով կառուցվել
ու զարգացել է Բաքուն: Որտե՞ղ են Սումգայիթի հայերը: Անվտանգության ի՞նչ երաշխիքների
մասին է խոսում Հայաստանի վարչապետը: Ո՞ւմ երաշխիքներին է նա հավատում: Որտե՞ղ է, այսպես
կոչված, «խաղաղության դարաշրջանը», որը, ըստ Հայաստանի իշխանությունների, պետք է գար
44-օրյա պատերազմի արդյունքներով ստորագրված եռակողմ փաստաթղթով:
Պետության և
ժողովրդի համար այդպիսի ճակատագրական որոշումները չեն կարող ընդունվել առանց հաշվի
առնելու հայ ժողովրդի կամքը: Այսօր տեղի ունեցողը ոչ այլ ինչ է, քան սեփական ժողովրդի
նկատմամբ իշխանությունների կողմից իրականացվող
հոգեբանական ցեղասպանություն:
Հայ մտավորականությունը,
գործարար էլիտան, հասարակական գործիչները, այդ թվում՝ սփյուռքում ապրողները, այլևս
չպետք է լռեն: Նրանք այսօր պարտավոր են հրապարակավ նշել իրենց դիրքորոշումը և դիմեն
ժողովրդին, որպեսզի կարողանան արթնացնել նրան այս քաղաքական թմբիրից: Հանո՛ւն մեր հայրերի
ու պապերի հիշատակի: Հանո՛ւն մեր զավակների ապագայի:
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի
հարցազրույցն ամբողջությամբ կհրապարակվի ՌՀՄ կայքէջում:









