Foto

Քաղաքական կամքը հետիշխանափոխական Հայաստանում ևս ընտրովի՞ է

44 օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը շարունակում է մնալ կալանավորված՝ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին, առերևույթ առևանգելու գործով։  Ի աջակցություն տիկին Գայանեի, զոհվածների հարազատները կառավարության մոտ նստացույց են հայտարարել։ Ուշագրավ է, որ Ստեփանակերտում զոհվածների հարազատները նույնպես նույն պահանջով ակցիա են իրականոցնում և միացել են իրենց բախտակից ծնողների պահանջին։ Այս համատեղ ակցիաները վկայում են, որ Արցախի և Հայաստանի բնակչության միջև կա կոնսենսուս։ Այս տեսակետը հաստատվեց նաև Կոռնիձորի ակցիայի ժամանակ, երբ Արցախից քայլերթով միացան ակցիայի մասնակիցներին։ Սա քաղաքական առումով ինչ-որ պրոցեսի մեկնարկ կարող է լինել, եթե ընդդիմությունն այն ճիշտ օգտագործի։

Այսօր մամուլի ասուլիսում լրագրողների հարցին՝ թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը որդուն հորդորել է բողոքը հետ վերցնել, ի պատասխան Փաշինյանն ասաց, որ ոչ՝ չի հորդորել, քանի որ իր որդին այնպիսի փաստարկներ է նշել, որ ինքը իր տղային նման բան խնդրել չէր կարող։ Մասնավորապես նշեց, որ Աշոտ Փաշինյանն իրեն ասել է, որ իր արած հեղափոխությունը նրա համար էր, որ օրենքի առաջ բոլորն էլ հավասար լինեին։  Ուստի, ըստ Փաշինյանի, զոհվածի ծնողին արտոնյալի կարգավիճակ չտալու համար անհրաժեշտ է քաղաքական կամք։

Այո, բայց եթե կա քաղաքական կամք, ապա դա անհրաժեշտ է կիրառել, բոլոր դեպքերում։ Օրինակ՝ 2022 թ սեպտեմբերի 21-ին՝ Եռաբլուրում,  զոհվածների ծնողներին բռնության ենթարկելու գործով մինչ այժմ ոչ մեկին մեղադրանք առաջադրած չէ։ իսկ ասուլիսում Նիկոլ Փաշինյանն ասում է, որ գործը դատարան ուղարկելու համար, առնվազն մեղադրյալ է պետք՝ հաշվի չառնելով, որ գործով տուժող կա։ Իրավունքը սահմանում է, որ եթե ինչ-որ մեկը տուժել է, ապա այն պետք է լինի իրավաբանական կամ ֆիզիկական անձի ներգործության արդյունքում։ Այսինքն՝ տուժել է ինչ-որ մեկի գործողությունից, իսկ եթե այդ օրը հերթապահություն իրականացնող ոստիկաններից դեռ մեղավորներին չեն գտել, հաշվի առնելով առկա տեսաձայնագրությունները ևս, ապա կամ վարույթն իրականացնող մարմինն անկարող է, կամ քաղաքական կամքը հետիշխանափոխական Հայաստանում ևս ընտրովի է։ 

Հեղինակ: Աննա Ավետիսյան