Foto

Ո՞րն է Փաշինյանի թիվ մեկ թշնամին

44-օրյա ողբերգությանը հաջորդած ու շարունակվող աղետներից հետո իշխանությունը՝ ամենատարբեր միջոցներով, հանրային ենթագիտակցության ու հոգեբանության մեջ արմատավորում է պարտվողականության, խեղճության, հանձնվելու անայլընտրանքության, նվաստացման թեզերը։ Այդ մասին ուղղակի չի ասվում, բայց դրան է ուղղված իշխանության ողջ ներքին ու արտաքին քաղաքականությունը, որը փաթեթավորված է «խաղաղության դարաշրջան» ձևակերպմամբ։

Ներկայումս հանրային տիրույթում տիրապետող տեսակետն այն է, որ այս քաղաքականությունը Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է աշխարհաքաղաքական ավանտյուրաներում ներքաշվելու արդյունքում ստանձնած պարտավորությունների կատարման համար։ Կա նաև կարծիք, որ պատերազմի ընթացքում հայկական զինված ուժերը նույն Փաշինյանի և նրա թիմի ձեռքով այնքան են կազմաքանդվել, որ այլ տարբերակ չունի, քան արտաքին նվաստացման միջոցով պատերազմից խուսափելը։

Միանշանակ է, որ բոլոր այս և բազմաթիվ այլ տեսակետները, իհարկե, գոյության իրավունք ունեն, և յուրաքանչյուրն ինչ-որ չափով արտահայտում է իրականությունը։ Բայց իշխանության կողմից վարվող այս՝ պայմանականորեն ասած, խեղճացման քաղաքականությունն ունի նաև այլ, առաջին հայացքից չերևացող շերտեր, ինչն էլ հենց նրանց գլխավոր առաքելությունն է։

Բանն այն է, որ հասարակությանն անընդհատ իր թուլությունը հիշեցնելով, օտարի առաջ նվաստացման դրդող քարոզչությունը մարդկանց անհատական ու հավաքական գիտակցության մեջ ներարկում է թերարժեքության, անկարողության զգացում։ Առաջին հայացքից դա վերաբերում է միայն արտաքին աշխարհին, իրական և հնարավոր թշնամիների հետ հարաբերություններին։ Իրականում, սակայն, անկարողությամբ համակվող հասարակությունը նույն կերպ է սկսում վերաբերվել նաև իր ներքին կյանքին, ներհանրային ու ներպետական խնդիրներին։

Տրամաբանական է, որ չի կարող արտաքին հարցերում իրեն թույլ ու նվաստացած համարող հանրույթը հակառակ վարքագիծը դրսևորել ներքին կյանքում, որովհետև թուլությունն ու խեղճությունը չեն դասակարգվում ներքին և արտաքին բաղադրիչների։ Խեղճությունը դատավճիռ է, որը կրողը գլխահակ ապրում է կյանքի բոլոր հարթություններում։ Իրենց թույլ համարող, դեպրեսիվ ու կազմալուծված անհատները, բնականաբար, կորցնում են նաև մոբիլիզացվելու կարողությունը, իսկ համախմբման տեսական հնարավորության ժամանակ, լավագույն դեպքում, հանդես են գալիս՝ որպես խեղճերի, անկամների հավաքականություն։ Դա հենց այն է, ինչն օդ ու ջրի պես անհրաժեշտ է Նիկոլին՝ սեփական իշխանությունը պահպանելու համար։

Փաշինյանի «ֆենոմենը» կյանում է նրանում, որ նա լավագույնս գիտի հանրային մոբիլիզացիայի ներուժը ու նաև դա ջլատելու հնարավորությունները, ինչին էլ ծառայեցնում է սեփական քաղաքական ու քարոզչական ռեսուրսները։ Ուժեղ, կամային, վճռական հասարակությունը Փաշինյանի թիվ մեկ թշնամին է ներքին կյանքում, իշխանության պահպանման տեսանկյունից, և նույնքան վտանգավոր է նաև արտաքին պարտավորությունների կատարման համար։

Հենց այս հանգամանքով է նաև պայմանավորված, որ «խաղաղության դարաշրջանի» մասին Փաշինյանի տասնյակ ելույթներում հնարավոր չէ գտնել «արժանապատիվ» արտահայտությունը, քանի որ արժանապատիվ խաղաղությունը ենթադրում է միանգամայն այլ հասարակություն, միանգամայն այլ հանրային հոգեբանություն, որը կարող է դրսևորվել ոչ միայն այլ երկրների հետ հարաբերություններում, այլ առաջին հերթին՝ սեփական՝ ներպետական հարցերում։ Դրա փոխարեն՝ իր բոլոր ելույթներում ինքնամոռաց կրկնում է «արժանապատիվ քաղաքացու» մասին դատարկաբանությունը։ Փաստ է՝ Նիկոլն  ամեն ինչ անում է հավաքական մակարդակում հասարակությանն անարժանապատիվ ու խեղճ դարձնելու համար։

Արմեն Հովասափյան