Foto

Հայաստանը ռազմական կցորդ կունենա Հնդկաստանում

Կառավարության այօսրվա նիստում նախատեսվում է ընդունել Պաշտպանության նախարարության՝ Հնդկաստանում ռազմական կցորդ նշանակելու առաջարկը։

Հնդկաստանում ռազմական կցորդն իրականացնելու է ներկայացուցչական աշխատանք, որը ներառում է երկու երկրների ռազմական գերատեսչությունների հետ պաշտոնական կապերի հաստատում և խորացում, ռազմական ոլորտում հարաբերությունների զարգացում, համագործակցության ծրագրերի իրականացման մշտադիտարկում։

«Ռազմական կցորդը, Հնդկաստանի զինված ուժերի հրամանատարության հետ հաստատելով պաշտոնական հարաբերություններ, տեղի ռազմական գերատեսչության հրավերով կապահովի զորահանդեսներին, զորավարժություններին, զորաշարժերին, սպառազինության և ռազմական տեխնիկայի ցուցահանդեսներին հայկական կողմի պաշտոնական ներկայացվածությունը, կայցելի ռազմական օբյեկտներ և հաստատություններ»,-նշված է նախագծի հիմնավորման մեջ։

ՀՀ պաշտպանության նախարարության հանձնարարությամբ և ՀՀ արտաքին գործերի նախարարության ղեկավարության միջնորդությամբ՝ ռազմական կցորդը միջազգային իրավունքի նորմերով սահմանված կարգի համաձայն կարող է նաև իրականացնել դիտորդական գործառույթներ:

Նախագծի ընդունումը, ըստ ՊՆ-ի, հնարավորություն կստեղծի կցորդի միջոցով երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների արդյունավետ աշխատանքի համար, նոր որակ կհաղորդի ռազմական ոլորտում գործընկերային հարաբերություններին, ինչպես նաև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնմանը: