Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ իշխանությունները շնչակտուր պատրաստվում են ամռանը բացել հայ-թուրքական ցամաքային սահմանը՝ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների ազատ ելումուտի համար, Թուրքիան ապրիլի 29-ին հերթական անգամ փակեց իր օդային տարածքը հայկական օդանավերի դիմաց՝ նույնիսկ հարկ չհամարելով ՀՀ ավիացիոն իշխանություններին զգուշացնել դրա մասին։ Ավելին, սահմանը հանկարծակի փակելու պատճառով Ֆրանսիայից Երևան ժամանող ինքնաթիռը ստիպված եղավ վայրէջք կատարել Քիշնևում։ Թուրքիայի օդային սահմանը Հայաստանի համար բացվել էր անցած տարվա մարտին։ Մինչ այդ՝ 2020թ. հուլիսից, այն փակ էր Հայաստանում գրանցում ունեցող օդանավերի, այդ թվում՝ կառավարական ինքնաթիռի տարանցիկ թռիչքների համար։ Ստացվում է, որ անցած տարվա մարտին Թուրքիան բացեց իր օդային տարածքը հայաստանյան օդանավերի համար, այս տարվա ապրիլին, անհեթեթ պատճառաբանությամբ, կրկին փակեց։ Այս տարվա սկզբից էլ հայտարարեցին Հայաստանի հետ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացնելու մասին։ Չնայած դրանից հետո էլ այն, ըստ էության, չէր գործում, որովհետև որպես այդպիսին, օդային բեռնափոխադրումների կարիք չկար։ Պատահական չէ, որ բացումից ամիսներ անց ոչ մի անգամ Թուրքիայի և Հայաստանի միջև օդային բեռնափոխադրումներ չեն իրականացվել, նախ՝ որովհետև դա թանկ հաճույք է, և երկրորդ՝ Հայաստանը Թուրքիայից այնպիսի ապրանքներ չի ներմուծում կամ արտահանում, որ նպատակահարմար լինի տեղափոխել օդանավով։ Այլ կերպ ասած՝ բացել-չբացելն էական ոչ մի նշանակություն չուներ։ Դրանով ոչ մի նոր բան չէր ավելանում՝ բեռնափոխադրումների առումով։
Իր օդային սահմանի փակումը թուրքական կողմը հիմնավորել
է Հայաստանից եկած «սադրանքներով»։ Ավելի կոնկրետ՝ սահմանի փակումը կապվեց Երևանում օրերս բացված «Նեմեսիս» արձանի
հետ։ Թուրքիան,
ըստ էության, պահանջում է, որպեսզի ապամոնտաժվի այդ արձանը։
Այս ամենից հետո ՀՀ իշխանությունները
տվայտանքների մեջ են։ Հակված են կատարել Թուրքիայի իշխանությունների կամքը, բայց մյուս
կողմից՝ զգուշանում են հասարակության արձագանքից, թեև խնդիրը նույնիսկ այդ արձագանքները
չեն։ Ի՞նչ հույսով են իշխանությունները պատրաստվում, այդքան զիջումների գնով, բացել հայ-թուրքական
սահմանը, երբ ցանկացած պահի այն կարող է կրկին փակվել։ Եթե արձանի բացումը կարող է
սահմանի փակման պատճառ դառնալ, դժվար չէ հասկանալ, որ դրա համար միշտ էլ նոր «սադրանքներ»
կամ պատճառներ կարող են գտնվել։ Ընդամենը ցանկություն է պետք սահմանը փակելու համար։
Ըստ էության՝ թուրքական
պահանջները չափ ու սահման չունեն և չի բացառվում, որ առաջիկայում պահանջեն, ասենք,
Ցեղասպանության զոհերի հուշահամալիրը ապամոնտաժել կամ դադարել խոսել Ցեղասպանության
մասին, ու պահանջը չկատարելու պատճառաբանությամբ կրկին փակեն սահմանը։
Դեռևս
սահմանը չբացված, արդեն պարզ է, որ, եթե այնուամենայնիվ
հաջողվի հասնել դրան,Թուրքիայի իշխանությունների ձեռքին գործիք է դառնալու, ցանկացած
պահի սահմանը փակելու սպառնալիքով՝ ճնշում գործադրելու Հայաստանի վրա։ Հատկապես որ,
ՀՀ այսօրվա իշխանությունները մեծ հույսեր են կապում Թուրքիայի հետ հարաբերությունների
հաստատման ու ցամաքային սահմանը բացելու հետ։ Կարծում են, որ դրանից հետո Հայաստանի
տնտեսության համար զարգացման մեծ հեռանկարներ են բացվում։ Չնայած բազմաթիվ մասնագետներ
այդպես չեն մտածում ու զգուշացնում են, որ սահմանի
բացումը կործանարար հետևանքներ է ունենալու մեր տնտեսության մի շարք ճյուղերի վրա։
Խոսքը մասնավորապես՝ գյուղատնտեսության, թեթև արդյունաբերության ու վերամշակող ճյուղերի
մասին է։
Նույնիսկ սահմանի
փակ լինելու պարագայում այդ ազդեցությունը վերջին շրջանում մեծացել է՝ կապված նրա հետ,
որ իշխանություններն այլևս վերապահումով չեն մոտենում թուրքական ապրանքների ներկրումներին
ու Հայաստանում իրացմանը։ Նշենք, որ ի տարբերություն թուրքական ապրանքների, հայկական
ապրանքները նույնիսկ սահմանի բացման պարագայում հեռանկար չունեն թուրքական շուկայում։
Նախ, որ դրանց տեսականին շատ սահմանափակ է, և երկրորդ՝ մրցունակ չեն։ Նույնիսկ ներքին շուկայում հայկական ապրանքները մրցունակության խնդիրներ ունեն թուրքական ապրանքների հետ։ Բայց իշխանություններին սա կարծես քիչ է
մտահոգում։ Նրանք համառորեն առաջ են մղում հայ-թուրքական սահմանի բացման գաղափարը։
Թվում է, թե Թուրքիայի վերջին քայլը լավ դաս պիտի լիներ իշխանությունների համար։ Բայց,
ինչպես տեսնում ենք, այդպես չէ։ Նրանք պատրաստ են, անգամ ազգային արժանապատվությունն
ու արժեքները զիջելու գնով, հասնել հայ-թուրքական սահմանի բացմանը, իբր «խաղաղության դարաշրջան» են բերում։
Արմեն Հովասափյան









