Շուրջ 5 տարի է՝ փաշինյանական կառավարությունը ձախողում է բյուջեի ծախսերի կատարողականը։ Մասնավորապես, տնտեսությունից հավաքում են գումարները ու չեն կարողանում ժամանակին իրականացնել նախատեսված ծախսերը: Բայց դա ամենևին չի խանգարում, որպեսզի մեծ տեմպերով պարտք ավելացնեն։ Կոնկրետ անցած տարի կառավարությունը 1,4 մլրդ դոլար պարտք կուտակեց (այս տարի էլ շարունակում է նույն ոգով)։ Իշխանության տարբեր ներկայացուցիչներ անընդհատ հայտարարում են, թե գերակատարել են հարկային եկամուտները, բայց տարվա առաջին երեք ամիսներին ևս 262 մլն դոլարով ավելացրել են պարտքը։ Պարադքոս է՝ եղածը գումարը չեն կարողանում ծախսել, փոխարենը՝ պարտքեր են վերցնում։ Ավելի կոնկրետ՝ հունվար-մարտին 461մլրդ դրամի հարկ են հավաքել, ընդամենը 422 միլիարդի ծախս են կատարել։ Երեք ամսում բյուջեի հավելուրդը կազմել է շուրջ 61 մլրդ դրամ, այնինչ՝ պիտի պակասուրդային լիներ։ Այս ամենի պատճառը միայն այն չէ, որ բյուջեի եկամտային մասն ավել է եղել նախատեսվածի համեմատ։ Հիմնական խնդիրը ծախսերի կատարման մեջ է, որը ոչ մի կերպ չեն կարողանում բերել բալանսի։
Թերևս չկա տրամաբանություն,
թե ինչո՞ւ են պարտք վերցնում և տոկոսներ վճարում, եթե եղածը չեն հասցնում ծախսել։ Չնայած,
հանուն արդարության, պետք է փաստենք, որ կառավարություն կոչվածի անհասկանալի գործողություններում
միշտ կարելի է տրամաբանություն գտնել։ Ահա նշված դեպքը ևս այդ շարքից է։ Նիկոլ Փաշինյանն
ամեն օր հայտարարում է, թե ՀՀ պետբյուջեն փողի խնդիր չունի, հարկային եկամուտները գերակատարվել
են, բայց շարունակում են պարտք վերցնել ու ավելացնել առանց այն էլ բարձր պարտքի բեռը։
Ըստ էության՝ անցած տարի
պարտքի ցուցանիշներում որոշակի «բարելավումներ» եղան, ու դա իշխանություններին առիթ
տվեց հայտարարելու, թե 2026թ. համար պարտք-ՀՆԱ ակնկալվող հարաբերակցությանը ժամանակից
նույնիսկ մի քանի տարի շուտ են հասել: Բայց դա ոչ թե իրենց աշխատանքի արդյունքն է, այլ՝ դոլարի
էժանացման հետևանքը։ Ասել է թե, եթե վաղը դոլարի փոխարժեքը վերադառնա նախկին մակարդակին,
պետական պարտքի ցուցանիշները նույնքան խնդրահարույց կլինեն, որքան մեկ տարի առաջ էին։
Իսկ այն «աննախադեպ ձեռքբերումները», որոնցով այդպես հպարտանում են, ամբողջությամբ
ի չիք կդառնան։ Ավելին, նման ռիսկի հավանականությունը շատ բարձր է՝ հաշվի
առնելով այն գործոնները, որոնք դարձել են դոլարի էժանացման պատճառ։ Սրա մասին մտածելու
փոխարեն՝ կառավարությունը շարունակում է մեծ տեմպով պարտք ավելացնել։ Ներկայումս՝ ապրիլի
1-ի դրությամբ, ՀՀ պետական պարտքն անցել է 10 մլրդ 899 մլն դոլարից (անցած տարին փակվեց
10 մլրդ 637 միլիոնով)։
Նշենք, որ ի տարբերություն
արտաքին համեմատաբար էժան վարկերի, կառավարությունը կրկին նախապատվությունը տվել է
ներքին պարտքին։ Ներքին պարտքն այս տարվա առաջին 3 ամսում ավելացել է ևս 312 միլիոնով։
Արտաքին էժան պարտքերը նույնիսկ կրճատվել են․ կառավարությունը դրանք աստիճանաբար փոխարինում է թանկ ներքին
պարտքերով։ Վերջին երկու տարիների ակտիվ ներգրավումից հետո ներքին պարտքն աստիճանաբար
մոտենում է արտաքինին։ Այն հասել է 4,5 մլրդ դոլարի, ինչը համարժեք է պետական ամբողջ
պարտքի ավելի քան 41 տոկոսին։ Շուրջ 10,9 մլրդ դոլար պարտքից 4,5 միլիարդը՝ ներքին,
6,4 միլիարդը՝ արտաքին պարտքն է։
Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ արտաքին պարտքը գնալով նվազում է, իսկ ներքինը՝ արագորեն ավելանում, ապա շատ շուտով այս հարաբերակցությունը կարող է հավասարվել։ Որքան կառավարության պարտքը փոխվում է ի հաշիվ ներքինի, այնքան ծանրանում է նաև պարտքի բեռը։ Ներքին պարտքը, որ կուտակվում է հիմնականում գանձապետական պարտատոմսերի տեղաբաշխումից, անհամեմատ ավելի թանկ է, քան արտաքին վարկերն ու փոխառությունները։ Դրա համար էլ պետական պարտքը գնալով թանկանում է։ Այս ամենի հետ հատկանշական է այն, որ մեկ տարում կառավարությունը հասցրել է պարտքի ժամկետայնությունը գրեթե 1 տարով կրճատել ու մեծացնել ծանրաբեռնվածությունը։ Սա էլ այս իշխանությունների հաջորդ «ձեռքբերումն» է՝ կարճ ժամանակում պարտքը կտրուկ մեծացնելուց ու առնվազն 40 տոկոսով թանկացնելուց հետո։
Օրվա իշխանությունները
հինգ տարում հասցրեցին հսկայական նոր պարտքային բեռ դնել պետության վրա։ Նիկոլ Փաշինյանի
կաղմից պետական կարգը տապալելու փուլում ՀՀ պետական պարտքը 6,7 մլրդ դոլար էր, ինչը
կուտակվել էր անցած 27-28 տարվա ընթացքում, ներկայումս՝ գործ ունենք 10,9 միլիարդի հետ։
Ավելի լայն բացվածքով եթե ներկայացնենք, ապա ստացվում է, որ հինգ տարվա ընթացքում,
պետական պարտքն ավելացրեցին 4,2 մլրդ դոլարով կամ գրեթե 63 տոկոսով։
Այսօր, երբ փաշինյանական խունտան խոսում է իրենց իշխանության տարիների տնտեսական ու բյուջետային հաջողությունների
մասին, մոռանում է, որ հսկայական պարտք են ներգրավել ու նաև այդ գումարների հաշվին
են ավելացել ՀՆԱ-ն և հարկերը։
Արմեն Հովասափյան









