Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհին՝ Լաչինի միջանցքում, Ադրբեջանի կողմից ապօրինի անցակետ դնելու պատճառով արդեն 10 օրից ավելի է, ինչ բուժման հրատապ անհրաժեշտություն ունեցող արցախցիներն անգամ «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ չեն կարողանում տեղափոխվել ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ ԿԽՄԿ հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ որպես չեզոք միջնորդ կազմակերպություն այս պահին երկխոսության մեջ են որոշում կայացնողների հետ՝ կապված մի քանի ընթացակարգերի հետ, որոնք համաձայնեցման և հստակեցման կարիք ունեն, որ կարողանան հնարավորինս արագ վերսկսվեն ԿԽՄԿ աջակցության աշխատանքները։
«Խոսքը որոշակի մանրամասների մասին է, որոնք պետք է համաձայնեցվեն և հնարավոր դառնա մարդկանց անվտանգ տեղափոխությունն այն ձևաչափով, որով մենք՝ որպես մարդասիրական կազմակերպություն, առաջնորդվում ենք սովորաբար»,- նշեց Ամատունին։
Նշենք, որ վերջին անգամ Արցախից «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ 16 բուժառու Հայաստան է տեղափոխվել ապրիլի 29-ին։
Հարցին՝ ինչ հիմնավորմա՞մբ թույլ չեն տալիս տեղափոխել բուժառուներին, Ամատունին պատասխանեց, որ հարցն ընթացակարգերի որոշակի հստակեցման մասին է, կարիք կա հստակեցնելու շարունակական աշխատանքը՝ այս պայմաններում, արգելքի մասին խոսք չի գնում։









